Ինքնահռչակ Վահե Գրիգորյանը ՍԴ-ի միակ ճգնաժամն է. Գեւորգ Պետրոսյան
Այն երկիրը, որի Սահմանադրական դատարանը ձեւավորվում եւ պահպանվում է քաղաքական շարժառիթներով, ոչ ներկա ունի, ոչ էլ ապագա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորԳեւորգ Պետրոսյանը։
«Այստեղ կարող է կարծիք հնչել, որ դա հարկադրաբար չի, այլ կամավոր է, բայց ո՞վ չի հասկանում, որ սա իրականում կամավոր չէ։ Ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին։ Ինչի՞ համար, եթե կամավոր է, ապա թողեք այդ մարդիկ ընտրեն։ Ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ էսօր պարտադրվի»,- ասաց պատգամավորը։
Պետրոսյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այդ օրինագծով ընտրվել հենց Սահմանադրական դատարանը. «Թող այս նույն գաղթակղիչ առաջարկը ներկայացվի Վճռաբեկ, Վերաքննիչ, Առաջին ատյանի դատարանների անդամներին, չէ՞ որ նրանք էլ են նշանակվել նախկին իշխանության օրոք։ Ինչի՞ մյուս ատյանների դատարանները վստահելի են։ Գիտե՞ք ինչու է ուղղված անձանց դեմ, որովհետեւ էսօր ՍԴ-ն մնացել է այն միակ անառիկ ամրոցը, որը գրավելով էսօր իշխանությունը ի վիճակի է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել։ Տեղական ինքնակառավարման մարմիններին էլ այդ առաջարկն արեք, մարզպետներին արեք, գնացեք, տեսեք՝ մարզպետարանների, գյուղապետարանների առաջ քաղաքացիների ինչ դժգոհություն է»։
Պատգամավորի խոսքով՝ եթե բերվում է այն պատճաբանությունը, թե ՍԴ-ի կազմն անվստահելի է, եւ խոսվում է՝ 20 տարվա վաղեմության մասին, նշեց, որ 20 տարի առաջ ՍԴ-ի այդ կազմը չի եղել. «Պետական մարմնի նկատմամբ վրեժխնդիր եք լինում անձանցից։ 20 տարի առաջ ոչ մի անդամ ՍԴ-ում չի եղել։ Ինչո՞ւ են ընտրվել հենց 2018 թվականից ընտրվածները, որովհետեւ 2018 թվականից էս կողմ ընտրվածներն իշխող քաղաքական մեծամասնության թեկնածուներն են եղել»։
Գեւորգ Պետրոսյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ արդյոք հարկատուները համաձա՞յն են ներկայացված օրինագծին.
«Պարոն նախարար, հարկատուներին հարցրե՞լ եք, իրենք համաձա՞յն են, որ չաշխատող դատավորին ամիսը 800 հազար դրամ ամիսը աշխատավարձ տան։ Տխրահռչակ, ինքնահռչակ Վահե Գրիգորյանը ՍԴ-ի միակ ճգնաժամն է։ Տիգրան Ավինյանի բերանից հնչել է, որ ՍԴ-ի խնդիրն ունի քաղաքական բնույթ»։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած՝ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրինագիծը։ Այս նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը: