Ամանորի ծախսերը ինձ հիշեցնում են այն մարդկանց, որ ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն. Խաժակյան
Մեր Ամանորի ծախսերը ինձ հիշեցնում են մեր այն քաղաքացիներին, որ ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Հիմա մենք ավելի քան 300 մլն դրամ տրամադրում ենք, որ քաղաքի տոնակատարություններն ապահովենք: Տարակուսելի է, երբ խոսում ենք այս մեծ գումարի մասին, հետո ասում ենք՝ կենցաղային, կոմունալ խնդիր լուծելու համար ներգրավեցինք մասնավոր միջոցներ: Այսինքն, երբ մենք պետք է փող տրամադրենք քաղաքի համար կոմունալ գույք գնենք, մասնավորներից ենք դա պահանջում, բայց Նոր տարին կարող ենք սեփական միջոցներով անել»,-ասաց նա:
Խաժակյանը անդրադառնալով «Կամազներ» նվեր ստանալու թեմային, ներկայացրեց քաղաքական կոռուպցիայի սահմանումը. «Քաղաքական կոռուպցիան քաղաքական որոշում ընդունողի կողմից քաղաքականության, ինստիտուտների, ռեսուրսների հատկացման եւ ֆինանսավորման կանոնների մանիպուլյացիան է, որոնց օգնությամբ քաղաքական որոշում ընդունողը չարաշահում է իր ունեցած դիրքը՝ սեփական դիրքը, կարգավիճակը պահպանելու նպատակով: Իսկ այստեղ մենք գործ ունենք մի լիազորության հետ, որն իրականացվել ՝ պահանջել մասնավորից գույք տրամադրել քաղաքապետարանի կողմից որոշակի թույլտվությունների դիմաց, որն ակնհայտորեն օրենքի շրջանակներից դուրս է:
Փաստորեն քաղաքապետարանն իր կառավարչական ձախողումը շտկելու փոխարեն ներգրավել է մասնավոր միջոցներ: Սա նշանակում է, որ ցանկացած հաջորդ նախաձեռնություն, որ քաղաքապետարանն անում է, կարող է գտնել մի հարուս մասնավորի, եւ նրան ասել՝ եթե ուզում ես ստանալ այն թույլտվությունը, որի համար դիմել ես, բեր այսինչ նյութական ծառայությունը մատուցի եւ կստանաս թույլտվությունը: Սա հստակ քաղաքական կոռուպցիա է»,-ընդգծեց Խաժակյանը:
Նա հավելեց, որ ձեռնպահ է քվեարկելու Ամանորի միջոցառումների համար լրացուցիչ 270 մլն դրամ հատկացնելու նախագծին: