Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հերքել է սեռական ոտնձգություններ կատարելու մասին իրեն հասցեագրվող բոլոր մեղադրանքները
Երգիչ Պլասիդո Դոմինգոն, որին որոշ կանայք մեղադրել էին սեռական ոտնձգություններ իրականացնելու համար, հերքել է իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները: Նա այս մասին խոսել է իսպանալեզու ABC թերթին տված հարցազրույցում, հաղորդում է Известия-ն:
«Ինձ հետ շփում ունեցած մարդկանցից շատերը գիտեն, որ ես երբեք ինձ չեմ դրսևորել որպես հետապնդող, ագրեսիվ և անպարկեշտ»,- ընդգծել է նա:
Դոմինգոն շարունակել է, որ որոշում է կայացրել հեռանալ Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից բացառապես այն պատճառով, որ չի ցանկացել գործընկերներին ենթարկել ԶԼՄ-ների ճնշումներին:
Նա նաև ընդգծել է, որ Լոս Անջելեսի օպերայում դերաբաշխման վերաբերյալ բոլոր որոշումները կայացվում են թիմային՝ 3-ից 5 հոգանոց կազմով, հետևաբար տնօրենի պաշտոնեական լիազորությունների չարաշահումը բացառվում է:
Բացի դա, Պլասիդո Դոմինգոն հայտնել է, որ երբեք ոչ ոքի հաջողված կարիերա չի խոստացել, միևնույն ժամանակ չի խանգարել կառուցել այն:
Իր խոսքով՝ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները պատճառ են դարձել, որ արարքները, որոնք նախկինում համարվում էին սիրալիրության դրսևորում, այժմ ընկալվում են միանգամայն այլ կերպ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին 11 կանայք Դոմինգոյին մեղադրել էին սեռական ոտնձգություններ իրականացնելու համար: Նրանց մեծ մասը ցանկացել էր անանուն մնալ, քանի որ մինչ այժմ գործում են նույն ոլորտում և չեն ցանկանում բախվել հնարավոր հետևանքներին:
Օգոստոսի 13-ին 9 կին էլ Դոմինգոյին մեղադրել սեռական ոտնձգությունների համար, որոնք տեղի էին ունեցել սկսած 1980-ականներից: Ընդ որում, նրանցից միայն մեկը՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆն է բացահայտ խոսել այդ մասին:
Դոմինգոն ծնվել է 1941 թ.-ին Մադրիդում: Հեղինակել է ավելի քան 150 օպերային ստեղծագործությունների հեղինակ է, ունի Grammy-ի 9 մրցանակ, ինչպես նաև հանդես է գալիս որպես դիրիժոր: