Արհեստական բանականությունը ախտորոշում կկատարի՞ բժիշկների փոխարեն
Առաջիկայում արհեստական բանականությունը կարող է դուրս մղել բժիշկներին եւ նրանց փոխարեն ախտորոշում կատարել, ինչպես վստահեցնում են մասնագետները։
Շատ հեռանկարային է թվում բժիշկների եւ գիտնականների համար CoBrain-Analytics հարթակը, որտեղ կհավաքվեն կենսաչափական տվյալներ եւ բժշկական ալգորիթմներ, եւ որը կզբաղվի կենսանյութի անալիզով։ Բժշկից պահանջվում է բազայի մեջ ներդնել անալիզների արդյունքները, իսկ արհեստական բանականությունից՝ վերլուծել եւ այլընտրանքային եզրակացություն ներկայացնել։ Ընդ որում, վերլուծության համար համակարգին ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում։
Հարթակում ձեւավորվում են աշխատանքային կաբինետներ՝ ամպային տարածքներ, որտեղ համատեղ հետազոտություններ են անցկացնում բժիշկները, գիտնականները, մասնագետները, ինչպես նաեւ մշակվում են բժշկական տվյալների մեծ ծավալներ։ Հարթակը համագործակցում է Ռուսաստանի կենսաբանական բանկերի եւ բժշկական հաստատությունների հետ, որոնցում պահպանվում են հյուսվածքի, արյան, օրգանների մասերի նմուշներ։ Այդ տեղեկատվությունը թույլ է տալիս արհեստական բանականության համար մոդելներ ստեղծել։
«Օրինակ, որպեսզի հասկանալ մարդու ընթացիկ վիճակը, անհրաժեշտ է ավելի քան 150 կենսամարկերների արյան անալիզ կատարել,- նշել է Basis Genotech Group-ի գլխավոր տնօրեն Անտոն Ակսյոնովը,- Սակայն որպեսզի պարզվի, թե ինչն է տվյալ մարդու համար նորմալ, հասկանալ նրա հակումը այս կամ այն իրավիճակների հանդեպ, անհրաժեշտ է կատարել եւս մի քանի տասնյակ, երբեմն հարյուրավոր գենետիկ անալիզներ։
Իսկ հստակ ախտորոշման եւ հիվանդության զարգացման ռիսկերը որոշելու համար ամբողջ ստացված տեղեկատվությունը համադրել կարող են հաշված թվով շատ բարձր որակավորմամբ բժիշկներ։ Այդ պատճառով, իհարկե, համակարգերը, որոնք կարող են մշակել այդքան հսկայական ծավալով տվյալները՝ հարյուրավոր չափանիշների հիման վրա կատարել տարբեր հիվանդությունների զարգացման հնարավորության կանխատեսումներ, անկասկած, շատ օգտակար կլինեն, մանավանդ պրոֆիլակտիկայի գործում»։