Իրանը կարձագանքի՝ Թրամփի դիրքորոշումից կախված
Իրանը կարձագանքի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից կախված: Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համընդգրկուն պլանի իրականացմանը հետեւելու եւ վերահսկելու կոմիտեի ղեկավար, Իրանի ԱԳ փոխնախարար Սեյիդ Աբաս Արաքչին, հայտնում է ԻՐՆԱ-ն:
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային համաձայնագրի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը դեռեւս հստակ չէ: «Ներկայուս միջազգային հանրությունը հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Թրամփի նախընտրական խոստումների դեմ»,- նշել է Արաքչին:
Նա հայտնել է, որ Իրանը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է արձագանքելու համար Իրանի միջուկային գործարքի դեմ ԱՄՆ-ի ցանկացած գործողությանը: «Այժմ մենք սպասում ենք արտաքին քաղաքականության մեջ Թրամփի դիրքորոշմանը: Մենք կարձագանքենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի դիրքորոշման հիման վրա»,- ասել է Արաքչին: