Ուշագրավ գրություն համայնքապետներին. ամեն ինչ ԼԳԲՏ համայնքի համար
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համայնքների ղեկավարներին ուշագրավ գրություն է ուղարկել։ Ըստ դրանց՝ համայնքի ղեկավարները պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում իրագործել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները։ Կատարված աշխատանքների վերաբերյալ պետք է մարզպետարաններ հաշվետվություն ներկայացնեն մինչեւ 2019թ նոյեմբերի 15-ը եւ 2020թ մայիսի 15-ը։
Առաջին հայացքից «անմեղ» թվացող այս հանձնարարականը այլ շերտեր ունի, դրանով առաջարկվում է, որ պետությունը պատճաշ աջակցություն ցուցաբերի եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծի ապահովելու համար հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ կանանց, երեխաների, փախստականների, ապաստան հայցողների, լեսբի, գեյ, բիսեքսուալ եւ տրանսգենդեր անձանց հոգեսոցիալական եւ մտավոր հաշմանդամություն ունեցող, լսողական եւ տեսողական խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց, գյուղական շրջաններում ապրող եւ աջակցության մեծ կարիք ունեցող անձանց ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդակցական գործընթացներում։ Դրանից բացի՝ առաջարկվում է, որպեսզի մեխանիզմներ ստեղծվի գենդերային խտրականության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները խախտելու համար պատժամիջոցներ կիրառելու։
Այս ամենից հատկապես աչք է ծակում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, նրանց իրավունքները, խնդիրները հանրության ուշադրության կենտրոնում են եւ ավանդապահ հասարակության ներկայացուցիչների քննադատության թիրախում։
«Սեռականության» օրակարգը հատկապես սրվում է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումների կոնտեքստում, Հայաստանը ավելի վաղ ստորագրել էր այդ կոնվենցիան, բայց չի վավերացրել, ըստ տեղեկությունների՝ այն խորհրդարանում կքննարկվի փետրվարին։
Դեմ կարծիք հայտնողները վտանգ են տեսնում, որ կոնվենցիան հող է նախապատրաստում ՀՀ-ում ԼԳԲՏ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց ընտանիքների ստեղծման համար՝ խարխլելով ավանդական հայկական ընտանիքի հիմքերը, իսկ կողմնակիցների կարծիքով կոնվենցիան պաշտպանելու է տարիներ շարունակ ընտանիքում բռնության ենթարկվող կանանց։