Իսկ դուք ասում եք հայոց պատմությունը հանենք բուհերից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը ռուսաստանցի լրագրողի Գարեգին Նժդեհին վերաբերող հարցին մեկ անգամ եւս եկավ ապացուցելու, որ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը ոչ միայն չպետք է հանվեն բուհերից կամ վերածվեն ընտրովի առարկաների, այլ լինեն պարտադիր եւ ավելի խորացված:
Այն մոլուցքը, որով իշխանությունները ցանկանում են Հայ եկեղեցու պատմությունը, հայերենը եւ հայոց պատմությունը հանեն դպրոցից եւ բուհերից, բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ է առաջացնում: Եթե վարչապետը չգիտի, թե որտեղ էր Սարդարապատի հերոսամարտի ժամանակ Գարեգին Նժդեհը, ապա հարց է առաջանում, թե ինչու է նա կարծում, որ բուհերի զարգացմանը խանգարում է հենց հայերենն ու հայոց լեզուն:
Մյուս կողմից, նույն համաշխարհային փորձը, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի, Ճապոնիայի եւ Չինաստանի փորձը հուշում է, որ մայրենի լեզվի եւ պատմության ուսուցումը ոչ միայն կարեւոր, այլ շատ կարեւոր է:
Գործող իշխանությունները ձգտում են ոչ միայն հայերենը դուրս մղել բուհերից, այլ օտար լեզուներով դասաժամեր ներմուծել: Դժվար չէ հասկանալ, թե այս ամենի իրական նպատակը որն է՝ բուծել եւ բազմացնել անհայրենիք մարդկանց բազմություն, որը հաստատ անտարբեր կլինի ամենակարեւոր հարցերի լուծման ժամանակ:
Մնացած բոլոր խոսակցությունները հեքիաթներ են: Ասում ենք հայերենը եւ հայոց պատմությունը չպետք է հանվեն բուհերից, ասում են դե ապացուցեք, որ ցուրտ եղանակին պետք է տաք հագնվել, ասում ենք Հայ եկեղեցու պատմության առարկան դպրոցից հանելը ճիշտ չէ, ասում են պետությունն անջատված է եկեղեցուց, չհասկանալով, թե ինչ խնդիր է լուծում այդ առարկան կամ հասկանալով պնդում են իրենց տեսակետը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am