Հայ գիտնականի հեղինակած նանոտեխնոլոգիայով կպաշտպանեն Լուվրի նմուշները
Հայ գիտնական Գագիկ Շմավոնյանի մշակած` գրաֆինի ստացման նոր եղանակով կպաշտպանվեն Լուվրի թանգարանի նմուշները: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց տեխնոլոգիայի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնիկան ու կենսաբժշկական սարքերը» կաֆեդրայի դոցենտ Գագիկ Շմավոնյանը, Փարիզում արդեն ստեղծվել է աշխատախումբ, որի հետ միասին նա ընտրել է թանգարանային նմուշներ՝ պաշտպանիչ թաղանթով ծածկելու՝ գրաֆինապատելու համար։
Գրաֆինը՝ ածխածնի ընդամենը մեկ ատոմական հաստությամբ թաղանթը, հայտնաբերել են խորհրդային դպրոցի գիտնականներ Անդրեյ Գեյմը ու Կոնստանտին Նովոսյոլովը, որոնք դրա համար 2010-ին նոբելյան մրցանակ են ստացել: Իրենց գյուտը նրանք փոխանցում են հետաքրքրվող գործընկերներին` քաջալերելով դրա ստացման եղանակների կատարելագործումը:
Շմավոնյանին նույնպես բախտ է վիճակվել որոշ ժամանակ աշխատել նրանց լաբորատորիաներից մեկում։ Մի քանի տարի հետո նա հեղինակել է իր մեթոդը, որը 2016-ին պատենտավորել է Իսպանիայում:
Այս գյուտը մեծ արձագանք գտավ արտերկրում: Փարիզի Լուվր թանգարանի աշխատակիցները հետաքրքրվեցին դրանով՝ արտաքին ազդեցությունից՝ բակտերիաներից, փոշուց, խոնավությունից ջերմաստիճանի տատանումներից իրենց ցուցանմուշները պաշտպանելու համար, քանի որ գրաֆինը ոչ միայն պաշտպանում է, այլ լինելով գերբարակ եւ թափանցիկ` տեսանելի չի լինի այցելուների համար։
Շուտով նման նանո պաշտպանություն կարող են ստանալ Մոնա Լիզան, Միլոսյան Վեներան, Միքելանջելոյի «Ստրուկները» եւ այլ հազարավոր արվեստի գլուխգործոցներ։
Ներկայումս հետազոտություններ են իրականացվում Փարիզի Սերժի-Պոնտուազի համալսարանում, Լուվրի լաբորատորիաներում, ինչպես նաեւ Ֆրանսիայի Soleil եւ Իտալիայի Elettra սինքրո-տրոնային կենտրոններում:
Այն, որ զգուշավորությունն ավելորդ չէ, վկայում է 2016 թ. ամռանը տեղի ունեցած Սենայի ջրհեղեղը: Գետը բարձրացել էր 6,5 մետրով, սպառնալով վնասել աջակողմյան ափի անմիջական հարեւանութամբ գտնվող թանգարանի ստորգետնյա պահեստներում պահվող 150 հազար գլուխգործոցները, որոնք փրկվեցին միայն ժամանակին տարհանվելու արդյունքում: Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ խուսափել խոնավության վնասակար ազդեցությունից:
Օրերս Գագիկ Շմավոնյանը հերթական անգամ է Փարիզից վերադարձել։ Նրան առաջարկել են նոր տեխնոլոգիան կիրառել նաեւ Ստրասբուրգի Նոտր-Դամ տաճարի 200-ամյա տանիքի, ինչպես նաեւ Փարիզի ֆիլհարմոնիայի եւ երաժշտական թանգարանի երաժշտական գործիքների համար։