Իսկ դուք չե՞ք ամաչում այս ամենի համար
Արցախի խնդիր, Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ ունեցող, տնտեսական անմխիթար վիճակում եւ բարդ եւ ալեկոծվող տարածաշչջանում գտնվող Հայաստանի նորաթուխ իշխանությունները երկիրը թաթախել են դատական ամոթալի գործընթացների մեջ, որից պետությունը հյուծվում եւ մաշվում է:
Քանի հոգի է ամաչում այս ամենի համար, քանի հոգի կա կառավարությունում, ԱԺ կառավարող խմբակցությունում, որ ամաչում են այս խայտառակ դատավարությունների, այս ամոթալի գործընթացների համար: Ի՞նչ է կատարվում մեզ հետ, ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեր աչքի առաջ այսքան էժանանա, այսքան խղճուկ դառնա մեր երկիրը:
Հազար ու մի դատավարություն տեսած օտարերկրյա փաստաբանն այսօր չդիմացավ եւ լքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը, երբ տուժող կողմի ներկայացուցիչները դատավորի թույլտվությամբ փողոցային, ստոր եւ անմակարդակ մեղադրանքներ հնչեցրին եւ խախտեցին անմեղության կանխավարկածը:
Քանի հոգի ամաչեց կառավարության անդամներից, իմքայլականներից այս զզվելի տեսարանին ականատես լինելուց հետո: Նրանցից քանիսն են մոտեցել այդ մարդկանց եւ ասել, որ այս դատավարությունը զոհերի հետ որեւէ կապ չունի:
Փաստաբան, բազմաթիվ երկրներում շատ ու շատ դատական նիստերի մասնակցած փաստաբան Սեւակ Թորոսյանը չդիմացավ եւ հայտարարելով, թե թատրոնի մասնակցելու ցանկություն չունի հեռացավ: Մեկնաբանելով զոհերի հարազատների պահվածքը նա մի դիպուկ գնահատական տվեց՝ ժողովուրդը խաբվել է:
Գրեթե նույն պահին մեկ այլ դատական նիստում կրկին վատացավ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը եւ դատը հետաձգվեց, իսկ մինչ այդ դատավորը կրկին մերժեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Իսկ այս խայտառակության համար քանի հոգի ամաչեց, քանի հոգի կառավարությունում եւ «Իմ քայլում» գիտակցեցին, որ սա ոչ թե արդարադատություն է, այլ սովորական հաշվեհարդար, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ:
Քանի հոգի է նայում Մանվել Գրիգորյանի դեմքին եւ իրեն մեղավոր զգում այս խայտառակության համար, քանի հոգի է գիտակցում, որ մենք պետություն ենք տանուլ տալիս, որ այսպես ոչ տնտեսություն են զարգացնում, ոչ արդարադատություն իրականացնում: Սա սովորական վայրենություն է, որն արդեն աֆրիկյան շատ ու շատ երկրներում էլ չկա:
Այսօր տեղի ունեցածը մեր բոլորի ամոթն է, բայց առաջին հերթին գործող իշխանությունները մեղավորությունը:
Գեղամ Նազարյան
Top-News.am