ՔԿ–ն շտապել է և որոշել, որ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի հետ առնչություն չունի. նախաքննությունը դեռ շարունակվում է
Քննչական կոմիտեն փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի գործով շտապողականություն է ցուցաբերել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մխիթարյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հայտարարությանը, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
«Նախաքննությունը դեռ շարունակվում է, հնարավոր է՝ այլ հանգամանքներ էլ պարզվեն: Եթե նախաքննական մարմինն արդեն որոշել է, որ Տրդատ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի և ներկա չի եղել, դա ցավալի է: Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ»,- ասաց նա:
Փաստաբանը ներկայացրեց, որ ըստ նախաքննության տվյալների՝ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել միջադեպին և տեսախցիկները դա փաստում են: «Այդ տեսախցիկներով իբրև երևում է, որ Տրդատ Սարգսյանը մտնում է շենք և դուրս չի գալիս: Բայց իրականում սա չի համապատասխանում իրականությանը, որովհետև նույն այդ տեսախցիկներով երևում է, որ ժամը 22:00-ի կողմերը շենք են մտնում, և հետո բակի լույսերն անջատվում են ու չի երևում, թե ո՞վ դուրս եկավ շենքից, Տրդատ Սարգսյա՞նն էր, թե ոչ»,- ասաց նա:
Ամիրխանյանի խոսքով՝ հետագայում եթե իրենց չբավարարող որոշում ստանան, անպայման կբողոքարկեն: Փաստաբանը ներկայացրեց նաև, որ փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, փոփոխություն չկա և նրան դեռ արհեստական շնչառություն է միացված:
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ծեծի էր ենթարկվել: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը: Հենց այս միջադեպի պատճառով Տրդատ Սարգսյանը հրաժարվեց մարզպետի պաշտոնից։