«Ռուսական աղյուսակի նոր տարրը». Россия 1-ը ֆիլմ է ցուցադրել հայազգի գիտնականների բացահայտումների մասին
Ռուսական Россия 1 հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է ցուցադրել՝ «Ռուսական աղյուսակի նոր տարրը» խորագրով, որը նվիրված է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակին:
Ֆիլմում ներկայացվում է աղյուսակի ստեղծման ուղղությամբ արված աշխատանքները, դժվարությունները, որոնց բախվել են գիտնականները նոր քիմիական տարրեր բացահայտելիս:
Ֆիլմի հերոսներից երկուսը հայազգի գիտնականներ են եղել՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը և Սկոլկովի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը:
«Դուք կարող եք տարրերը վերածել մեկը մյուսի նույնիսկ փորձարարական սկզբունքով: Ալքիմիկոսների այս երազանքը ինչ-որ կերպ կատարվել է: Եվ նման ալքիմիկոսներից մեկն աշխարհում Յուրի Հովհաննիսյանն է»,- ֆիլմում ասել է Օհանովը:
Յուրի Հովհաննիսյանն ինքը նշում է, որ իր փորձարկումների հիմքում ընկած է տարրերի արհեստական սինթեզը, այսինքն՝ վերցնում են երկու տարր և դրանց միջև միջուկային ռեակցիա ստեղծում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել էր գիտության ոլորտում ռուսական ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Դեմիդովի մրցանակի դափնեկիր: