Թբիլիսիում լարված իրավիճակ է. հատուկջոկատայինները ջրցան են կիրառել՝ խորհրդարանի շենքի մուտքն արգելափակած ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանության ու հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ցրել են ընդդիմադիրների ցույցի մասնակիցներին, որոնք արգելափակել են խորհրդարանի մուտքը: Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել: Այս մասին հայտնում է Meduza գործակալությունը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:
Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ փորձել են մուտք գործել խորհրդարանի շենք, սակայն ցուցարարները մերժել են նրանց ներս թողնել: Ընդհանուր առմամբ, հրապարակում նախօրեից մի քանի հարյուր ցուցարար է հավաքված:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցը մեկնարկել է նոյեմբերի 17-ին: Վրացիների բողոքի պատճառ է դարձել 2020-ին համամասնական համակարգով ընտրություններ անցկացնելու մասին օրինագծի կիրառման տապալումը: