Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում ցուցարարներին դադարեցնել խորհրդարանի շենքի շրջափակումը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է Ռուսթավելու պողոտայում հավաքված ցուցարարներին՝ քաղաքական կուսակցությունների առաջնորդներին եւ ակցիայի կազմակերպիչներին, դադարեցնել խորհրդարանի շենքի մուտքերի շրջափակումը, տեղեկացնում է Առաջին վրացական հեռուստաալիքը։
«Նոյեմբերի 17-ի ակցիայի, ինչպես նաեւ ամբողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունն ապահովել է պայմաններ քաղաքացիների համար, որոնք անհրաժեշտ են հավաքվելու եւ ցույց իրականացնելու համար։
Միեւնույն ժամանակ, Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի առջեւ սկսված խաղաղ ակցիան այնուհետեւ ստացել է հակաօրինական բնույթ։ Մասնավորապես, հավաքվածների մի մասը շրջափակել է օրենսդիր մարմնի մուտքերը։ Բացի այդ, քաղաքական առաջնորդները բացահայտ կոչ են անում կողմնակիցներին խանգարել խորհրդարանական մարմնի գործունեությանը։
Մեկ անգամ եւս դիմում ենք խորհրդարանի առջեւ ակցիայի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։
Վարչական մարմնի գրոհի կամ շրջափակումը շարունակելու դեպքում ոստիկանությունն օրենքով տրված մանդատի շրջանակում համապատասխան միջոցներ կկիրառի»,- ասվում է ՆԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին տապալել էր սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք նախատեսում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում մեծամասնական ընտրակարգով՝ անցողիկ զրոյական շեմով: Նախաձեռնության քննարկումը շարունակելու համար անհրաժեշտ էր 150-ից 113 պատգամավորի ձայնը: Քվեարկության ժամանակ փոփոխություններին աջակցել է 101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավոր դեմ է քվեարկել, եւս 39-ը ձեռնպահ է մնացել:
Իշխող կուսակցության կողմից իր խոստումը չկատարելուց հետո Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի առջեւ սկսվել է բողոքի անընդմեջ ցույց: Խորհրդակցությունների արդյունքներով ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանություններին 3 պահանջ են ներկայացրել՝ ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում համամասնական ընտրակարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:
Նոյեմբերի 17-ին ընդդիմության մեծածավալ հանրահավաքին հայտարարվել է խորհրդարանի պիկետավորման մասին, օրենսդիր մարմնի շենքի բոլոր երեք մուտքերը արգելափակվել են: Ցուցարարները հայտարարում են, որ պատգամավորներին թույլ չեն տա ներս մտնել այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն: