Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն աննախադեպ էր. իրավաբանությունն այս մակարդակին երբեք չէր իջեցվել. Երվանդ Վարոսյան
Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի: Չկա ապացույց, որը կվկայի այն մասին, թե նա առնչություն ունի կամ կատարել է որևէ հանցավոր արարք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Ավելին` այս մեղադրանքի պարագայում գոյություն ունենալ էլ չի կարող, քանի որ մեղադրանքի մեջ շարադրված են հանգամանքներ, որոնք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող: Ուստի` դրանց մասին վկայող ապացույց էլ չի կարող լինել»,-պարզաբանեց նա:
Փաստաբանի խոսքով` Հայաստանում քաղաքական հետապնդումներ շատ անգամներ են եղել, բայց այս մեկն իր բնույթով աննախադեպ էր:
«Նմանատիպ իրավիճակ, որ անգամ փորձ չի արվում իրականությունը մի փոքր շեղելով, օրենքի մեկնաբանությունը մի փոքր սխալ կատարելով` անձին մեղադրել, այլ փորձ է արվում իրականության հետ չառնչվող մի տեքստ հրամցնել որպես մեղադրանք և տիրանալ ՍԴ լիազորություններին, չի եղել»,-ասաց Վարոսյանը` հավելելով նաև, թե իրավաբանությունն այս մակարդակին երբեք չի իջեցվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճենների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: