Երկրի ղեկավարը իր քաղաքացու մասին խոսելիս չի կարող օգտագործել նման արտահայտություններ
Վարուժան Բաբաջանյանն իր էջում գրում է.
«Վարչապետը, ակնհայտորեն, իրավունք չունի օգտագործել պատկերավոր արտահայտություններ, որովհետև նա ֆեյսբուքյան քոմենթչի չէ ու Բաբաջանյան Վարուժը չէ՝ կես լիտր տնական արաղ ևս անելուց հետո... Ընդհանրապես, երկրի ղեկավարը իր քաղաքացու մասին խոսելիս չի կարող օգտագործել նման արտահայտություններ՝ քաղաքի կեսը թալանել է, փռենք, ծեփենք և այլն... Եղբայր, ինչ գիտես, կարող ա 61.8 տոկոսն ա թալանել կամ 16.63, կամ իր ունեցվածքը բաշխել ա աղքատներին, դու, որ լծակ չունես արդարադատության վրա, ինչ իրավունք ունես նման բան ասես...
Մաքսիմում, հղում անելով իրավապահ մարմինների կողմից պաշտոնապես հրապարակված տեղեկատվությանը, կարող ես ցիտել՝ կասկածվում է առանձնապես մեծ, փոքր, միջին ծանրության հանցանքի կամ զանցանքի մեջ, վերջ...
Նույնիսկ իրավապահ մարմինները նման չոր թվերով տեղեկատվություն մատուցելուց հետո պարտադիր նման ծանուցում են կատարում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եթե նման հայտարարություն անենք ես, Պողոսը կամ Մարտիրոսը՝ էլի ոչինչ, կանցնի, կգնա, բայց դու պետության ղեկավար ես...
Մարդուն նման ծանր հանցանքներում հրապարակայնորեն մեղադրելու համար առնվազն անհրաժեշտ է, որ գեթ մեկ քրեական գործ լինի հարուցված, ինչը ակնհայտորեն չկա...
Ու միշտ հիշիր, որ քո հոգածության ներքո են բոլորը՝ Մելը, աշխատավորները, սրբերը, հանցագործները, պարտաբույծները, մսակերները, բուսակերները... բոլորը, ու դու բոլորին պարտավոր ես հոգալ հավասարապես...
Եթե մարդը հանցագործություն է կատարել՝ մենք դրա մասին պետք է իմանանք ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ իրավապահ համակարգից...
Եվ, ցավոք, այստեղ խնդիրը ավելի շատ այն է, որ ենթադրյալ հանցագործությունների մասին հայտարարվում է ոչ թե ըստ ծանրության, այլ՝ ըստ պատեհության...
Այսինքն՝ ոչինչ, որ դու հանցագործ ես, երբ ինձ հաճո չես լինի՝ քեզ էլ կանդրադառնանք...
Իսկ այս երևույթը առաջիններից էր, որի պատճառով երկրում հեղափոխություն եղավ...
Ու վատ, շատ վատ հետևությունների տեղիք է տալիս...»: