Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ` որպես միաբանության քայլ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ԵՊՀ ուսանողների դասադուլի ընթացքում ընթերցեց դասախոսների հայտարարությունը, որի համաձայն` վերջիններս մեկօրյա գործադուլ են հայտարարում:
«ԵՊՀ հայ բանասիրության, պատմության ֆակուլտետների դասախոսական կազմի գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը` ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթին:
Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ` որպես միաբանության քայլ:
Նախատեսում և ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ, իրավասու կողմերի, և, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ` առանց քաղաքական շահարկումների: Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»,-հայտարարեց Դիլբարյանը` նշելով, որ այն ընդունվել է ընդհանուր ժողովում, ստորագրված է Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների կողմից:
Հարցին` իր կարծիքով` Հարությունյանը պատրաստ է քննարկումների, Դիլբարյանը պատասխանեց.
«Ես հուսով եմ, որ պարոն Հարությունյանը պատրաստ է քննարկման, և ելնելով այն հրապարակային երկու հայտարարությունից, որ ինքը նշեց, թե երկխոսության պատրաստ է, կարծում եմ, որ այս հանդիպումը կկայանա, և հարցը կլուծվի ի դրական»:
Նրա խոսքով` հանդիպումն ակնկալում են անցկացնել բաց ձևաչափով:
«Մենք թաքցնելու բան չունենք: Մեր հանդիպումը բաց է շահագրգիռ կողմերի համար: Մենք որոշել ենք լինել լավատես և դրա համար կարծում ենք, որ հրատապ հանդիպումը, կարծես, նաև համընկնում է ԿԳՄՍ նախարարի դիրքորոշման հետ»,-ասաց նա: