Լավրովի հետ համակարծիք ենք` խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը համատեղ ասուլիսի ընթացքում ողջունեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որը Մնացականյանի պաշտոնավարման ընթացքում առաջին պաշտոնական այցն է կատարում Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին` նշելով, որ հարաբերություններն այնքան խորն ու բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվար է:
«Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ»,-հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:
Վերջինս ընդգծեց` ՌԴ-ն Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերն է, ընդ որում, առևտրաշրջանառությունն աճող դինամիկա ունի:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ Լավրովի հետ ստորագրել են արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների մասին 2020-2021 թթ. ծրագիրը` միաժամանակ գոհունակությամբ արձանագրելով նախորդ տարվա ծրագրի իրականացման ընթացքը:
Մնացականյանի խոսքով` ՌԴ ԱԳ նախարարի հետ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի բազմաթիվ հարցերի:
«Ես երախտապարտություն հայտնեցի ՌԴ-ին` Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության համար: Միաժամանակ ընդգծեցինք Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության կարևոր դերակատարությունը»,-ասաց Մնացականյանը:
Վերջինս հայտնեց` Լավրովի հետ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներին: «Ես բարձր գնահատեցի Ռուսաստանի` համանախագահ այլ երկրների հետ մեկտեղ միջնորդական առաքելությունը, որը մեկ անգամ ևս ընդգծվեց այս տարի ապրիլին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի հրավերով կայացած հանդիպմամբ»,-ասաց նախարարը` հավելելով, որ, ինչպես բազմիցս նշել է, ԼՂ հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց և նրանց իրավունքներին և ազատությունների իրականացմանը:
«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր` մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես` ինքնորոշման իրավունքի իրականացում` առանց սահմանափակման և հարկադրանքի»,-ասաց Մնացականյանը` ընդգծելով, որ Լավրովի հետ համակարծիք են` «խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»: