Ո՞ր դեպքում Նիկոլ Փաշինյանից հուսախաբ կլինի հաթերքցի գյուղացին
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Արցախ է գնացել: Իր իրավունքն է՝ ցանկացել է, գնացել է: Ճանապարհին էլ այնքան հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Մարտակերտի Հաթերք գյուղի մոտ, որ նա այդ մասին կիսվել է ֆեյսբուքցիների հետ:
Հաթերքի մերձակայքում, ճամփեզրին մի մարդ է կանգնած եղել եւ Փաշինյանի ավտոմեքենայի ետեւից ջուր է լցրել՝ հին հայկական բարի սովորույթի համաձայն:
«Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա:)»,- միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
Թե ինչո՞ւ է Փաշինյանի մտքով անցնում հուսախաբ անելու տարբերակը, դժվար է ասել, բայց լավն այն է, որ նա ի վերջո որոշել է հուսախաբ չանել:
Ինչպես հաթերքցի, այնպես էլ Հայոց աշխարհի մյուս բոլոր գյուղացիները, Փաշինյանից հուսախաբ կլինեն, եթե
ա. շարունակվեն քաղաքական հետապնդման ենթարկվել Արցախյան հաղթանակի հերոս զինվորականները, քաղաքական գործիչները
բ. ապրիլյան քառօրյա պատերազմը շարունակի մի խումբ պատեհապաշտների ձեռքին գործիք ծառայել քաղաքական հալածանքներ իրականացնելու համար
գ. վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան
դ. Արայիկ Հարոսւթյունյանը շարունակի հպարտանալ նրանով, որ սատանիզմի հիմքով ներկայացումները չեն արգելվում
ե. Հայ եկեղեցու պատմություն առարկան դուրս մղվի դպրոցից, իսկ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը բուհերից
զ. օլիգարխները շարունակվեն բաժանվել սիրելիի եւ ատելիի
է. շահագործվի Ամուլսարը
ը. տնտեսական իրական բարեփոխումների փոխարեն ներկայացվեն հաջողության մասին իբր վկայող անհասկանալի վիճակագրական ցուցանիշներ
թ. գյուղացիները անօգնական մնան բանկային անմարդկային վարկերի դեմ
ժ. սահման պահող գյուղացիներին աջակցելու փոխարեն հսկայական միջոցներ ծախսվեն անհասկանալի ֆիլմեր նկարելու, ներկայացումներ բեմադրելու, զրահապատ ավտոմեքենաներ գնելու, կառավարական առանձնատներ նորոգելու, ամերիկյան ուղեւորությունների եւ կառավարակն օդանավ ձեռք բերելու վրա:
Այ հենց այս դեպքում Փաշինյանը հուսախաբ չի անի հայ գյուղացուն: Ամեն ինչ շատ ավելի պարզ է եւ ամենակարեւորը, չպետք է վախենալ դույլը ձեռքին կամ գերանդին ձեռքին կամ բջջային հեռախոսը ձեռքին կանգնած, քայլող, ճամփեզրի քարին նստած կամ կանգառի նստարանին նստած հայ մարդուց:
Վարդան Մխիթարյան
Top-News.am