Դա մի քայլ է դեպի անհայտը. Պուտինը արհեստական բանականության զարգացումը համեմատել է տիեզերք դուրս գալու հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արհեստական բանականության ոլորտում իրականացվող զարգացումները համեմատել է մեծ աշխարհագրական բացահայտումների և տիեզերք դուրս գալու հետ՝ ասելով, որ դա քայլ է դեպի անհայտը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ ՌԴ նախագահը հանդես է եկել Մոսկվայում արհեստական բանականության հարցով համաժողովի ժամանակ: Վերջինս ընդգծել է, որ արհեստական բանականության համակարգն ինքնին առաջադեմ տեխնոլոգիաների գագաթնակետն է:
Պուտինի խոսքով՝ արհեստական բանականությունը կուտակում է բնական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև հոգեբանության և լեզվաբանության առաջադեմ նվաճումները:
«Հավանաբար, բարդ է մարդկության պատմության մեջ գտնել այդպիսի մի համաձուլվածքի օրինակ, այն էլ` այդքան տարբեր գիտությունների և առարկաների: Ինչպես և մեծ աշխարհագրական բացահայտումները, այնպես էլ տիեզերք դուրս գալը, մի քայլ է դեպի անհայտը: Դա հատկապես վերաբերում է այսպես կոչված՝ «ուժեղ» արհեստական բանականության զարգացմանը, որը կարող է հիմնարար դառնալ ողջ քաղաքակրթության համար»,- հայտարարել է Պուտինը: