Անգելա Մերկելը հաստատել է, որ եղել է Խորհրդային Հայաստանում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ եղել է Խորհրդային Հայաստանում:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Suddeutsche Zeitung թերթը հարցազրույց է հրապարակել կանցլերի հետ՝ Բեռլինի պատի ապամոնտաժման 30-ամյակի առիթով: Անգելա Մերկելը, մասնավորապես, պատմել է այն զգացողությունների մասին, որոնք ունեցել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին այցելության ժամանակ:
«Հյուրանոցում ինքս ինձ հարց էի տալիս. արդյո՞ք կարող է միայնակ ճամփորդող կինն առանց վախենալու գիշերել Արեւմտյան Գերմանիայի հյուրանոցում: Ինձ համար դա իսկապես խնդիր էր, չնայած արդեն եղել էի Ռումինիայում կամ Հայաստանում, որտեղ հաստատ ավելի անվտանգ չէր», - պատմել է Մերկելը:
Մեդիամաքսը վաղուց տեղեկություններ ուներ այն մասին, որ Մերկելը եղել էր Խորհրդային Հայաստանում, սակայն դրանք հաստատել չէր հաջողվում:
2016 թվական հոկտեմբերին այդ մասին հարցրել էինք Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին, եւ նա պատասխանել էր հետեւյալը.
«Որեւէ հստակ տեղեկություն այս մասին չունեմ: Նա գիտնական է, ֆիզիկոս, եւ հնարավոր է, որ ուսանողական տարիներին եղած լինի այստեղ: Կանցլեր Մերկելը շատ հետաքրքրասեր անձ է, հետաքրքրվում է այլ մշակույթներով, այնպես որ, կարող եմ պատկերացնել, որ նա այստեղ եղած լինի»:
2018 թվականի օգոստոսին Անգելա Մերկելը պաշտոնական այցով այցելել է Հայաստան:
Անգելա Մերկելը 1954 թվականի ծնվել է Համբուրգում, սակայն երեք տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն: