Դաղստանում ձերբակալվել են ԻՊ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերած ռուս կանայք
Դաղստանում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները, ովքեր Սիրիայում գրոհայինների համար հավաքել են առնվազն 10 միլիոն ռուբլի: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ ձերբակալվել է 24 և 33-ամյա երկու երիտասարդ կին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ահաբեկչության ֆինանսավորման կազմակերպմանը վերաբերող հոդվածով:
Հետաքննության համաձայն՝ 2018թ. կասկածյալները համացանցում հանդիպել են կազմակերպության համակիրներից մեկի հետ, որը մեկնել էր Սիրիա 2015-ին ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Այնուհետև նրանք պայմանավորվել են օգնել նրան հավաքել միջոցներ գրոհայինների գործունեությունը ֆինանսավորելու համար: Նրանք տղամարդուն տրամադրել են իրենց բանկային քարտերը, որոնց միջոցով հետագայում կատարվել են փոխանցումներ:
Մոտ ժամանակներս կքննարկվի ձերբակալված անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը: