Ձեր տանիքը, որ քանդված է՝ նորմալ է, իսկ, որ մերը կաթում է՝ նորմա՞լ չէ
Տարօրինակ ժամանակներ են, տարօրինակ բարքեր: Գործող իշխանությանը, կառավարող ուժին այս կամ այն կերպ աջակցում, իրենց պաշտպանության տակ են առնում մարդիկ, որոնք մինչեւ վերջին, այսպես կոչված, հեղափոխությունը թողնում էին անաչառ դիտարկումներ անող, իրավիճակն անկողմնակալ վերլուծող մարդիկ:
Գուցե կառավարող ուժի, կառավարության գործերն իրոք շատ ավելի վատ են, որ նրանք դիմում են վերոհիշյալ մարդկանց օգնությանը, որոնց համոզել են հրապարակավ աջակցել իրենց, եւ որ ավելի հետաքրքիր է, ոչ այնքան աջակցել իրենց, այլ քննադատել, պախարակել նրանց, ովքեր հրապարակավ քննադատում են կառավարությանը: Գուցե նաեւ այդ մարդիկ նախկինում էլ անաչառ չէին:
Հիմա թիրախավորվել է Վազգեն Մանուկյանը: Պետական եւ քաղաքական այս գործիչը համարձակվել է հրապարակավ քննադատել վարչապետին եւ նրա կառավարությունը: Սա անպատասխան չէին կարող թողնել:
Եւ հիմա սոցիալական ցանցերում այսպիսի հարցադրումներ են անում, թե մի քիչ տարօրինակ չէ՞, որ այսօր իշխանություններին քննադատում է Վազգեն Մանուկյանը, որը ինը տարի՝ 2009-ից Հանրային Խորհրդի նախագահն է եւ այդ ընթացքում չի քննադատել իշխանություններին:
Նշում են, թե Վազգեն Մանուկյանը մատների արանքով է նայել 2013-ի ընտրակեղծիքներին, 2015-ի Սահմանադրության կեղծմանը, 2012-ի ու 2017-ի ընտրությունների կեղծմանը, եւ այլն, եւ այլն:
Իհարկե, Վազգեն Մանուկյանն ինքը, հարմար առիթի դեպքում կանդրադառնա այս մեղադրանքներին, հիմա մենք մեկ այլ հարցադրում անենք:
Հարգելի իշխանամետներ կամ իշխանապաշտպաններ, իսկ նորմա՞լ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մի մարդ, որը Սահմանադրական փոփոխություններն համարում էր կեղծ օրակարգ, որը ընդունում էր 2017 թվականի ընտրությունների արդյունքները եւ աչք էր փակում ընտրակեղծիքների վրա, որը անգամ չէր ուզում ձեռքով բարեւել Րաֆֆի Հովհաննիսյանին...
Հենց այս հարցերին պատասխանեք, նոր կանցնեք Վազգեն Մանուկյանին, որը հաստատ չի կառչել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից: Իսկապես լրջացեք եւ փորձեք խորանալ քյալլագիտության մեջ, որից հետո հարցադրումներ անելուց առաջ իսկապես մի փոքր ավելի երկար կմտածեք: Եւ ամենակարեւորը՝ կրակն ընկնելու մասին գրառումներ անելուց առաջ հիշեք 2008թ. մարտի մեկյան ողբերգական իրադարձությունների մասին եւ հիշեք, թե ովքեր այն կարող էին կանխել եւ կրակը չգցել ժողովրդին:
Լուսանկարում՝ կառավարության ներկայիս պատկերը
Աննա Բաղդասարյան
Top-News.am
Ձե՛ր ձեռքը մեկ անգամ արդեն կրակն ընկած ժողովրդին․․․