Ահա այսպես էլ ազատագրվեց Շուշին
Շուշիի ազատագրման մասին շատ խոսակցություններ, լեգենդներ գոյություն ունեն: Հիմա անդրադառնանք այն մթնոլորտին, որ առկա էր երկրում քաղաքի ազատագրման նախօրեին:
Իսկ անդրադառնում ենք ազատամարտի մասնակիցներից մեկի հուշերով.
«Շուշիի ազատագրման օրը՝ 1992թ. մայիսի 8-ին հերթապահում էինք դիրքերից մեկում: Շուշիից շատ հեռու գտնվող դիրքերից մեկում: Համեմատաբար հանգիստ էր, գրեթե կրակոցներ չկային եւ հենակետում գտնվողներս ժամանակ ունեինք զրուցելու: Տղերքի մեջ մի տեսակ ընկճվածություն կար: Նրանք պնդում էին, թե վստահելի մարդկանցից լսել են, որ ՀՀՇ-ն Արցախն արդեն ծախել է: Վիճում էինք, փորձում էի հակառակն ապացուցել, ասել, որ դա անհեթեթություն է, բայց օգուտ չկար: Ասում էին, թե հարյուր տոկոսանոց ինֆորմացիա է, եւ որ լսել են վստահելի մարդկանցից:
Երբ եկավ հերթափոխի ժամը, ոտքով իջանք դեպի գյուղ: Տուն մտանք գրեթե այն պահին, երբ «Լրաբերի» հաղորդավարը կարդում էր Շուշին ազատագրելու մասին հաղորդագրությունը:8.30-ի կողմերն էր: Հաղորդագրությունը երկար էր եւ հեռվից էր գալիս, բայց արդեն իսկ գլխի ընկա, որ Շուշին ազատագրվել է: Անկարագրելի ուրախ էի, հավանաբար տղերքն էլ նկատեցին, որ դեմքս շողում է, հարցնում էին, ինչու ես ժպտում, վերջապես գոռացի՝ Շուշին ազատագրվել է: Տղերքն էլի չէին հավատում, չէին հավատում մինչ այն պահը, երբ հաղորդավարն ասաց՝ ... եւ ազատագրեցին Շուշի քաղաքը: Թռչկոտում էինք, միմյանց թաթաթվում: Երջանիկ էինք:
Հաջորդ օրը նրանցից մեկը, ով ամբողջ օրը պնդում էր, թե Արցախն արդեն վաճառել են, ասաց՝ միեւնույնն է՝ ծախելու են, Շուշին կապ չունի»:
Top-News.am