25 տարի առաջ ազատագրվեց Շուշին
25 տարի առաջ ազատագրվեց Շուշին՝ Արցախի թագը: Ցավոք, ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը փորձում է խեղաթյուրվել: Այդ իսկ պատճառով, Շուշիի գրավման մասին խոսենք ականատեսի, այդ գործողության ակտիվ մասնակցի՝ Սամվել Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչ 44» գրքի օգնությամբ:
«Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, որի մասին տեղյակ էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, մշակվել է Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար (ԻՊՈՒ) Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողլյանի, Լեոնիդ Մարտիրոսովի, հարձակման ուղղությունների հրամանատարների (Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան), ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ»։
Շուշիի ազատագրման շրջանում դեռևս նոր–նոր էր դրվում կանոնավոր բանակի հիմքերը և այդ իսկ պատճառով մարտի էին նետվում կամավորական ջոկատները, որոնց կազմավորման գործում մեծ դերակատարում ուներ Վազգեն Սարգսյանը։
Գրքից տեղեկանում ենք նաև, որ Բաբայանն ու Կոմանդոսը տարաձայնություններ են ունեցել Շուշիի ազատագրաման օպերատիվ պլանի հետ կապված։ Կոմանդոսը համոզված է եղել, որ կարելի է 3 ուղղություններով (Ստեփանակերտ–Շուշի մայրուղի՝ հյուսիսային, Շոշի՝ արևելյան և Ջանհասան–Քյոսալար՝ հյուսիսարևմտյան) ազատագրել բերդաքաղաքը, սակայն Բաբայանը պնդել է, որ առանց 4–րդ՝ Լաչինի հարավային գլխավոր ուղղության հնարավոր չէ հաջողության հասնել։
Կոմանդոսի առաջարկած պլանով մեր ազատամարտիկները երեք ուղղություններով փորձել են գրոհով վերցնել Շուշին, սակայն չեն կարողացել։ Ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Բաբայանը հենց դա էլ կանխատեսել էր։
Անհաջող գրոհից հետո արդեն գործի է դրվել 4 ուղղություններով քաղաքն օղակի մեջ վերցնելու պլանը, որի պայմաններում գլխավոր ուղղությունը հարավից՝ Լաչինի կողմից էր (ուղղության ընդհանուր հրամանատար՝ Սամվել Բաբայան)։
Սամվել Բաբայանը համոզված էր, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր է լուծել միայն Լաչինի կողմից։ Նրա հիմնավորումները պաշտպանեց նաև այն ժամանակ ՀՀ և ԼՂՀ ԳԽ պատգամավոր, Պաշտպանության խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը (ով, ի դեպ, նույն հարավային ուղղությունում մասնակցել է մարտական գործողություններին)։
Հարավային հատվածում հաջող ռազմագործողության արդյունքում Շուշիում գտնվող ադրբեջանցի զինվորականների ու բնակչության մոտ խուճապ է սկսվել, որից հետո նրանք քաղաքը լքել են։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այն օրերին գրում էին իրենց զինվորականների դավաճանության մասին, քանզի չէին պատկերացնում, թե ինչպես կարող էր այդպիսի դիրք ունեցող քաղաքը հանձնվել մեկ օրում։