Արկտիկայում նոր կղզի են հայտնաբերել, որն առաջացել է գլոբալ տաքացման հետեւանքով
Չուվաշիայից բարձրդասարանցիները՝ ՄԱԻ-ի ուսանողի ղեկավարությամբ, Արկտիկայում նոր կղզի են հայտնաբերել, որն առաջացել է գլոբալ տաքացման հետեւանքով, նշված է ՄԱԻ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նոր կղզու մակերեսը կազմում է մոտ 110 հեկտար, իսկ չափերը՝ 1,9 կմ երկարություն եւ 1 կմ լայնություն: Երբ երկրաբանական հայտնագործությունը պաշտոնապես ճանաչվի Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկրաֆիզիկական ծառայության կողմից, նոր կղզի կուղեւորվի գիտական արշավախումբ, որը կկատարի նրա տեղագրական նկարահանում, մանրակրկիտ կնկարագրի եւ կլուսանկարի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարայի ծովի ջրատարածքի աշխարհագրական քարտեզները եւ տիեզերական լուսանկարները վերլուծելով՝ աշակերտները նկատել են, որ Շմիդտի կղզու երկրային հրվանդանը զրկվել է հիմնական կղզու հետ կապից: Նոր կղզու հայտնագործությունը հաստատելու համար նրանք դիմել են Ռոսկոսմոսին ավելի մանրամասն լուսանկարներ խնդրելով:
«Ենթադրաբար, հողի շերտը, որը կապում էր ցամաքի 2 հատվածները, անհետացել է գլոբալ տաքացման հետեւանքով: Առավել հավանական է, որ պարանոցը կազմված էր փափուկ ծակոտկեն ապարից եւ շուրջը տեղակայված սառցադաշտերի ակտիվ հալոցքը այն ողողել է: Ձնհալի ջրային հոսքերը սառցադաշտի տակից ողողել են հրվանդանը կղզուն կապող հողի պատնեշները»,- նշված է ՄԱԻ-ի ուսանող Արտյոմ Մակարենկոյի մամուլի հաղորդագրության մեջ: