Մարդկությունը կարող է ոչնչանալ թերսնման պատճառով
Գլոբալ տաքացման հետեւանքով մոլորակի տարբեր մասերում չափազանց շոգ եղանակի ավելի ու ավելի հաճախ հաստատումը խնդիրների հայտնի ցանկին կարող է ավելացնել եւս մեկը։ Խոսքը շոգի հետ կապված թերսնումն է, հաղորդում է Planet-today-ը։
Ավստրալիայի Մանոշա համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են Բրազիլիայում 2000-2015թթ․ գրանցված հոսպիտալացման վիճակագրական տվյալները։ Վերլուծված տվյալները, ըստ հետազոտողների, վերաբերում են Բրազիլիայի բնակչության մոտ 80 տոկոսին։
Պարզվել է, որ նորմալ ջերմաստիճանը գերազանցող ամեն մի աստիճանը հանգեցրել է թերսնման պատճառով հոսպիտալացման ռիսկի 2,5 տոկոսանոց աճի։ Այսինքն, շոգն ախորժակի եւ սննդի հասանելիության լուրջ խնդիրներ է ծնում, որոնք հաճախ հանգեցնում են մահվան։ Ընդ որում, ռիսկայնությունն այս դեպքում առավելապես վերաբերում է երեխաներին եւ ծերերին։
«Շոգի պատճառով նվազում է ախորժակը, ինչպես նաեւ կորչում է սննդամթերք ձեռք բերելու եւ ուտելիք պատրաստելու ցանկությունը։ Սրան ավելանում են մարմնի ջերմաստիճանի կարգավորման խանգարումներն ու աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացումները։ Սրանք այն գործոններն են, որոնք հանգեցնում են թերսնման պատճառով հոսպիտալացման»,- նշում են հետազոտողներն՝ ավելացնելով, որ չափազանց բարձր ջերմաստիճանը հանդիսանում է սննդի պատճառով հոսպիտալացման դեպքերի 15 տոկոսի պատճառը։ Գիտնականները համոզված են, որ հետագայում այս ցուցանիշը շեշտակի կաճի։