Բեռլինի կենդանաբանական այգին հրապարակել է երկու ամսական պանդաների և նրանց մոր լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութ)
Մեն-Մեն անունով պանդան, որը Բեռլինի կենդանաբանական այգի էր բերվել Չինաստանից, այս տարվա օգոստոսի 31-ին երկու ձագ էր ծնել: Այժմ՝ երկու ամիս անց, կենդանիները սկսել են սողալ, շարժվել ու գրկել իրենց մորը, գրում է Daily Mail-ը:
Մեն-Մեն պանդայի ձագերը Գերմանիայում ծնված առաջին պանդայի ձագերն են: Թեև փոքրիկ պանդաները ծնվելիս կշռել են 136 գրամ, այժմ ձագերից յուրաքանչյուրը կշռում է 3 կգ:
Վերջերս Բեռլինի կենդանաբանական այգին հրապարակել է մայր պանդայի և նրա երկու ձագերի լուսանկարները, որտեղ պանդաները խաղում են իրենց մոր հետ:
Մեն-Մեն պանդայի հղիության լուրը Բեռլինի կենդանաբանական այգին հայտարարել էր մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ հաղորդման՝ պանդայի այս տեսակը դարձել է անհետացող տեսակ՝ ծնելիության ցածր մակարդակի պատճառով: