Թուրքիայում պաշտոնանկ են արել 70% քվե ստացած քուրդ քաղաքապետին. Կարո Փայլանն արձագանքել է կատարվածին
Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Մարդին նահանգի Քըզըլթեփե քաղաքի քաղաքապետ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիլյուֆեր Էլիք Յըլմազին: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Յըլմազին պաշտոնանկ անելուց հետո իշխանություններն իրենց դրածո Հյուսեին Չամիին նշանակել են քաղաքապետի պաշտոնակատար:
Կատարվածին արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Իր թվիթերյան էջում Փայլանը, մասնավորապես, գրել է. «Քըզըլթեփե քաղաքի բնակիչները կես տարի առաջ արտահայտել են իրենց կամքը՝ 70% քվեով: Այսօր տեղի ունեցածը կամքի բռնություն էր: Շատ ուշ կլինի, երբ ամեն ընտրված անձ, ով այսօր լռում է, հասկանա, որ ինքն իր համար փոս փորեց»:
Մարդինի դատախազությունը հետաքննություն է սկսել Յըլմազի նկատմամբ՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով: