Ռուսական կողմն արձագանքել է բրիտանացիների՝ Սկրիպալների մասին ֆիլմ նկարահանելու գաղափարին
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչն արձագանքել է BBC հեռուստառադիոընկերության որոշմանը՝ նկարահանել 3 սերիայից բաղկացած գեղարվեստական ֆիլմ ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին, որը տեղի է ունեցել 2018 թվականի մարտին Սոլսբերի քաղաքում: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Դիվանագետի կարծիքով՝ գեղարվեստական ֆիլմը չի կարող փոխարինել դեպքի լիարժեք հետաքննությանը: Մամուլի քարտուղարը համոզված է, որ ֆիլմի նկարահանումն ուղղված կլինի «Սկրիպալների գործով» բրիտանական իշխանության քաղաքականացված տեսակետի ամրապնդմանը:
«Ափսոսանք է առաջացնում այն, որ բրիտանացի լրագրողները սեփական իշխանություններից տեղի ունեցածի շուրջ հարցերի պատասխան պահանջելու փոխարեն նախընտրում են աշխատել գեղարվեստական ժանրում»,- նշել է դեսպանատան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը 2018-ի մարտի 4-ին թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են: