Գլոբալ տաքացումը կարտացոլվի բանակների վրա
Գլոբալ տաքացումը ապագայի բանակներին կստիպի վերանայել այն, թե ինչպես են նրանք պլանավորում եւ անցկացնում ռազմական գործողությունները, ասվում է Պենտագոնի զեկույցում։ Հաշվի առնելով ամերիկյան բանակի համար «գլոբալ հսկիչի» հավակնությունները, դա հատկապես բարդ կլինի, ասվում է հետազոտության մեջ, որն անցկացվել է Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավար Մարկ Միլիի կողմից։
Խնդիրներ շատ կլինեն, դրանք ավելի ու ավելի կլրջանան՝ արեւադարձային հիվանդությունների համաճարակներ, միլիոնավոր «կլիմայական տեղահանվածների» մասնակցությամբ բախումներ, քամու աճող ուժից էներգացանցերի խափանումներ, հայտնում է Hightech+-ը։
Նման պայմաններում գործողությունների պլանավորումն ինքնըստինքյան կբարդանա։ Բացի դրանից, աշխարհում ավելի շատ տարածաշրջաններ եւ արտակարգ իրավիճակներ կլինեն, որոնք կարող են ամերիկյան զինված ուժերի միջամտություն պահանջել։
ԱՄՆ տարածքում գլխավոր խնդիրը կդառնա ուժգնացող փոթորիկների ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումների մասշտաբների մեծացումը։ Սրա հետ արդեն հյուսիսային Կալիֆոռնիայում երաշտի եւ անտառային հրդեհների ժամանակ բախվել են փրկարարներին օգնող զինվորականները։ Երկրորդ կարեւոր գործոնը հանքային վառելիքի օգտագործման հետ կապված օրենսդրական սահմանափակումներն են, որոնք կարող են կրճատել ռազմական տեխնիկայի հնարավորությունները։ Հազիվ թե դա առնչվի ռազմական գործողություններին, սակայն բացառված չէ, որ վարժանքների ծրագրերն անհրաժեշտ կլինի նվազեցնել, ինչը կարտացոլվի ռազմական պատրաստականության վրա։
Նույնիսկ միջուկային զենքն է վտանգի մեջ՝ փորձագետները կարծում են, որ ջերմաստիճանի բարձրացումը բացասաբար կազդի ջրային սառեցմամբ աշխատող ռեակտորների վրա, որոնք ռադիոակտիվ տրիտիում են արտադրում։
Սակայն բոլոր այս դժվարությունները մթագնում են՝ համեմատած արտասահմանում գործողություններ պլանավորելու անհրաժեշտության հետ։ Եւ դրանք, ինչպես կարծում են վերլուծաբանները, ավելի ու ավելի շատ անհրաժեշտ կլինեն՝ կապված կլիմայական հակասությունների աճի եւ Երկրի բնակչության ավելացման հետ։
Արտասահմանյան ռազմական եւ մարդասիրական գործողությունները մի քանի անգամ կբարդանան՝ նոր տեխնոլոգիաների վրա հենվող ամերիկյան զինվորականները ստիպված կլինեն ինքնուրույն ապահովել էներգիայի պահանջարկը, ինչպես նաեւ իրենց հետ ավելի ու ավելի շատ ջուր վերցնել։ Սա ցանկացած զանգվածային միջամտություն կվերածի լոգիստիկ դժոխքի։ Խնայողությունը հնարավոր կլինի միայն պատրաստականության հաշվին, եւ հաճախ մարդկանց կյանքերը խաղադրույքի առարկա կդառնան։