Մադրիդի մետրոյում կինը, տարված հեռախոսով, ընկել է ժամանող գնացքի ռելսերի վրա (տեսանյութ)
Մադրիդի բնակչուհին, տարված լինելով հեռախոսով, ընկել է գնացքի ռելսերի վրա և հազիվ է կարողացել փրկվել: Միջադեպը տեսանկարահանել են անվտանգության տեսախցիկները, Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mirror-ը:
Հրապարակված կադրերում երևում է, որ երբ գնացքը մոտենում է կայարանին, կինը կանգնում է նստած տեղից և հեռախոսից չկտրվելով՝ մոտենում ռելսերին: Չնկատելով, որ պլատֆորմն ավարտվում է՝ նա ընկնում է մոտեցող գնացքի ռելսերի վրա: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել մետրոյի Estrecho կայարանում:
Ավելի ուշ, մետրոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուղևորը չի տուժել, նրան օգնել են մյուս ուղևորները: Չի հստակեցվում՝ արդյոք մեքենավարը կանգնեցրել է գնացքը՝ տեսնելով ուղևորին, թե նրա հասցրել են դուրս բերել ռելսերից:
Սոցցանցերի օգտատերերը քննադատել են ինչպես կնոջը, այնպես էլ մետրոյի ղեկավարությանը՝ նշելով, որ բոլոր կայարաններում պետք է տեղադրվեն պաշտպանիչ էկրաններ: