Վրաստանը 350 մլն դոլար է կորցրել Ռուսաստանի՝ ավիաչվերթների արգելքի պատճառով
Վրաստանի բյուջեն 350 միլիոն դոլարի վնաս է կրել հուլիսից ի վեր, երբ Ռուսաստանն ավիահաղորդակցության արգելք է սահմանել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Երբ ռուսական կողմն արգելեց ավիաչվերթներ իրականացնել հուլիսին, դրանից ի վեր հինգ ամսվա ընթացքում Վրաստանի բյուջեն 350 միլիոն դոլարի վնաս է կրել: Զբոսաշրջությունից ստացված եկամուտներն այսօրվա դրությամբ գերազանցել են 2 միլիարդը»,- ասել է վրաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ սրվել էին հունիսի 20-ից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ հարյուրավոր մարդիկ վիրավորվել և բերման էին ենթարկվել:
Այդ օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել դադարեցնել ավիաչվերթները դեպի Վրաստան՝ ելնելով անվտանգության նկատառումներից: