Ավստրալիան հետ է ուղարկել 50 միլիոն դոլար արժողությամբ 900 Mercedes-Benz մեքենաները՝ դրանցում հայտնաբերված խխունջների պատճառով
Եթե դուք Ավստրալիայից եք և նոր Mercedes-Benz եք պատվիրել, դուք կարող եք երկար սպասել, քանի որ վերջերս ավստրալական իշխանությունները 5 նավով ավստրալական նավահանգիստներ ժամանած 900 Mercedes-Benz ավտոմեքենաների թույլ չեն տվել մուտք գործել երկիր, գրում է luxurylaunches.com-ը:
Տեղափոխումն արգելվել է հազվադեպ խխունջների պատճառով: 50 միլիոն դոլար արժողությամբ գերմանական ավտոմեքենաներին մերժել են սահմանն անցնել՝ դրանցում հայտնաբերված Xerolenta obvia տեսակի խխունջների պատճառով:
Երկրի գյուղատնտեսության նախարարությունը 30 խխունջ է հայտնաբերել: Տվյալ տեսակի խխունջները հատկանշական են եվրոպական երկրներին (Բուլղարիա, Իտալիա, Լեհաստան):
Սկզբում 900 ավտոմեքենաներից բաղկացած ամբողջ խմբաքանակը պահվել է մեկուսացման մեջ: Այնուհետև, նախարարությունը որոշում է կայացրել նրանց ետ ուղարկել դեպի Բելգիա:
Mercedes-Benz-ը պաշտոնական հայտարարության մեջ ասել է, որ ուսումնասիրում է միջադեպի պատճառները և այդ գործընթացն իրականացնում է Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարության հետ: Այս միջադեպը բավականին թանկ կարժենա ընկերությանը, գրում է լրատվամիջոցը: