Ե՞րբ և ո՞վ է վճարելու 104 քաղծառայողի աշխատանքից ազատման վերջնահաշվարկի գումարները
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցը վերաբերում էր ԱԻՆ-ից 104 քաղծառայողի աշխատանքից ազատումից հետո նրանց վերջնահաշվարկի չվճարման գործընթացին:
Նա նշեց, որ վարչապետի որոշմամբ և ԱԻՆ նախարարի հրամանով պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թվով 104 քաղծառայող ազատվել է աշխատանքից 2019-ի հունվարի 1-ից, և մինչև հիմա աշխատակիցների վերջնահաշվարկի գումարները չեն վճարվել: «Ե՞րբ և ո՞վ է վճարելու նրանց վերջնահաշվարկի գումարները»,-հարցրեց նա:
Հարցին պատասխանեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հաստատելով, որ դեկտեմբերին եղել է հրաման և այդ բաժինը մտել է տեսչական մարմնի կազմի մեջ, սակայն «քանի որ հետո ստեղծվել է Հետաքննության վարչություն, որոշ մասը աշխատողների պետք է այդտեղ աշխատեր, իսկ որոշ մասը՝ գնար տեսչական մարմնում աշխատանքի»։
«Դրա պատճառով ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք և թողել ենք, որ մարդիկ տեղավորվեն, որից հետո պետք է վերջնահաշվարկ կատարվեր, դրանից հետո տվել ենք: Մի երկու-երեք մարդու մասին է խոսվում, դա էլ արագ մի քանի օրվա մեջ կլինի»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ նախ պետք է վերականգնվելու հարցը լուծվի և նոր միայն հաշվարկ կատարեն և դրա դեպքում վերջնահաշվարկի հարցն այլ կերպ պետք է լուծվի։