Ինչ են պայմանավորվել Էրդողանն ու Պուտինը Սոչիում ավելի քան 6 ժամ տևած հանդիպման ընթացքում
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ավելի քան 6 ժամ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հյուսիս-արևելքում առկա իրավիճակի շուրջ:
Երկու երկրների արտգործնախարարները՝ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը, ընթերցել են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև փոխըմբռնման մասին հուշագրի թուրքերենով և ռուսերենով կազմված տեքստը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Հուշագրի տեքստի համաձայն՝ երկու երկրների նախագահները համաձայնություն են ձեռք բերել.
1. Երկու կողմերը պարտավորություն են հայտնում հավատարիմ մնալ Սիրիայի քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը:
2. Կողմերն ընդգծում են իրենց վճռականությունը Սիրիայի տարածքում ահաբեկչության և անջատողական ձգտումների դեմ պայքարում:
3. Այս համատեքստում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ներկայիս տարածքի Թալ Աբյադ և Ռասուլայն քաղաքների միջև մինչև 32 կմ խորությամբ շրջանում ստատուս-քվոն կպահպանվի:
4. Երկու կողմերն էլ ընդգծում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը, Ռուսաստանի Դաշնությունը կնպաստի Ադանայի համաձայնագրի իրականացմանը՝ ժամանակակից պայմաններում:
5. Սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից՝ թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ծառայության ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Այդ պահից կսկսվի նաև թուրք-ռուսական համատեղ հերթապահություն «Խաղաղության ակունք» գործողության շրջանից դեպի արևելք և արևմուտք ուղղություններով, բացի Ղամիշլի քաղաքից:
6. Քրդական բոլոր կազմավորումներն ու նրանց սպառազինությունը պետք է դուրս բերվեն Մանբիջից և Թալ Ռիֆաթից:
7. Երկու կողմերն էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն ահաբեկչական տարրերի զտման համար:
8. Համատեղ ջանքեր կձեռնարկվեն փախստականներին բարեհաջող Սիրիա վերադարձնելու համար:
9. Ստեղծվելու է մոնիթորինգի և ստուգման համատեղ մեխանիզմ՝ այս հուշագրի իրականացումը համակարգելու համար:
10. Երկու կողմերն էլ շարունակելու են աշխատել սիրիական հակամարտությանն «Աստանայի մեխանիզմի» շրջանակում քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ և աջակցելու են սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը: