Մենք ականատես ենք մի գործընթացի, որը հստակ քաղաքական հետապնդում է
Հստակ տեղի է ունենում հետապնդում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի հարուցած ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով քրեական գործին, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Եթե դա ընկնում է համաներման տակ, կմտածեն և կմեղադրեն մեկ այլ հոդվածով, որը չի ընկնում համաներման ներքո»: Ըստ նրա` ուժային կառույցները չեն ենթարկվում որևէ տրամաբանության, դրա համար նրանց գործողությունները վերլուծելը ապարդյուն փորձեր են, քանի որ դա կամայականություն է:
«Մենք ականատես ենք մի գործընթացի, որը հստակ քաղաքական հետապնդում է: Այն, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները կա´մ ձևացնում են, կա´մ իսկապես չեն տեսնում այս ամենը, դա իսկական խնդիր է: Իշխանությունը շարունակում է ոչ թե իրավական ճանապարհով գնալ, այլ քաղաքական, դա ոչ էլ քաղաքական է, այլ նույնիսկ կուսակցականացված է, դա խմբի շահից է բխում, այն խմբի, որը եկել է իշխանության»,-ասաց նա և նշեց, որ այդ ամենի դեմ սպասվում է երկարատև պայքար, և բոլոր նպատակներին պետք է հասնել իրավական ճանապարհով:
«Լուծումը առայժմ մի տեղ է, եթե իշխանական ուժի մեջ չհայտնվեն կրիտիկական թվով մարդիկ, որոնք վերջապես կասեն այն, ինչ տեսնում են, այն, ինչ որ կա, այստեղ մենք կգտնենք մի քիչ արագ լուծումներ, եթե ոչ, այդ գործընթացը շարունակվելու է, և պայքարը պետք է լինի հետևողական, գրագետ և առանց բախումների»,-ասաց նա: