Քաղաքական հետապնդումների շրջափուլը սկսված է. Լիլիթ Թումանյան
Մենք այստեղ ենք ոչ միայն ի զորակցություն Արսեն Բաբայանի, այլև` ի զորակցություն օրենքի: Այս մասին ի աջակցություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը:
«Եթե ուզում եք, որ օրենքը կանգնի ձեր մեջքի հետևում և պաշտպանի ձեզ, նախևառաջ դուք ինքներդ պիտի պաշտպանեք օրենքը: Վեր կացեք և պաշտպանեք ձեր երկրի օրենսդրությունը, որն այսօր առավել քան վտանգված է: Եվ երկրորդ` անկախ նրանից, թե ինչ նպատակներով են այս գործը սկսկել և շարունակում հակաիրավական ճանապարհով, դա կլինի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, վաղը կլինի մեկ այլ անձի շուրջ ձևավորված, պետք է հասկանալ ընդամենը մի բան` քաղաքական հետապնդումների շրջափուլը սկսված է»,-ասաց նա:
Լիլիթ Թումանյանի խոսքով` ռեպրեսիաների, քաղաքական հետապնդման փուլ է: «Քաղաքական իշխանությունը սեփական կամքով, անկախ նրանից` օրինական ճանապարհ է դա, թե ոչ, գնալու է իր ցանկությունների բավարարման ճանապարհով, և այդ ճանապարհին օրենսդրական որևէ ակտ և նորմ հաշվի չի առնվում, անգամ Սահմանադրությունն է ոտնահարվում: Մարդու իրավունքների պաշտպանություն, միջազգայնորեն ստանձնած պարտավորություններ. բոլորը ոտնահարված են, և սրանց հետևից գալու են, գալու են նաև միջազգային կազմակերպությունները: Այս ամենն ունենալու է լուրջ հետևանքներ, և ես կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է, գալու են շատերի հետևից»,-մեկնաբանեց Լիլիթ Թումանյանը:
Հարցին` ո՞րն է իրավիճակի «զսպիչ օղակը», Լիլիթ Թումանյանը պատասխանեց, որ դա առաջին հերթին այն բոլոր մարդիկ են, որոնք չեն լռում: «Ես, օրինակ, ակնկալում էի այստեղ տեսնել այն բոլոր մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը` սկսած ԱԺ այն աշխատակիցներից, ում անօրինականորեն ազատել էին գործից: Իրենք պետք է այստեղ լինեին, այդպես է սկսում ճանապարհը; Մարդիկ, որոնք չունեն քաղաքական նպատակներ և շահեր, ուղղակի իրենց երկրի քաղաքացիներ են»,-ասաց Լիլիթ Թումանյանը` նշելով նաև, որ եթե իրավապահ մարմինները չեն կատարում իրենց ֆունկցիաները, ապա դա քաղաքացիները պետք է անեն:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը: Արսեն Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել դատարանի դիմաց: