Ոչ թե ՍԴ-ն է վիրավորել ԱԺ-ին, այլ իմքայլականները՝ մի ամբողջ ժողովրդի
Ազգային ժողովի կառավարող իմքայլականների խմբակցության առաջնորդ, բազմափորձ եւ հմուտ քաղաքական գործիչ Լիլիթ Մակունցը վիրավորվել է Սահմանադրական դատարանից, իսկ ավելի կոնկրետ այն փաստից, որ ՍԴ-ն վարույթ չի ընդունել խորհրդարանի դիմումը:
Ափսոս, որ Լիլիթ Մակունցը չի հասկանում, որ ՍԴ-ն ոչ թե վիրավորել է Ազգային ժողովին, այլ գործել է օրենքի սահմանններում: Լիլիթ Մակունցի եւ շատ ու շատ իմքայլականների մոտ այն թյուր կարծիքն է իշխում, որ նրանք վեր են օրենքներից ու Սահմանադրությունից, եւ բոլորը պետք է ծնկի գան իրենց առաջ, իսկ ովքեր ծնկի չեն գալիս՝ վիրավորում են իրենց կամ հակահեղափոխականներ են եւ սեւ են:
Ափսոս, որ Լիլիթ Մակունցը չի ընկալում, որ ոչ թե ՍԴ-ն է վիրավորում ԱԺ-ին, այլ իմքայլականները՝ ժողովրդին: Միայն այն, որ Լիլիթ Մակունցը, որը չունի քաղաքական եւ հասարակական գործունեության անգամ փոքր փորձ, դարձել է ոչ միայն պատգամավոր, իսկ դրանից առաջ՝ նախարար, այլ նաեւ կառավարող ուժի խմբակցության ղեկավար, վիրավորանք է ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Ափսոս, որ Մակունցը չի ընդունում այն փաստը, որ անհեթեթությունն այն է, որ ինքն այսօր գնահատականներ է տալիս իրավապահ մարմինների գործողություններին, փորձում արդարացնել ՍԴ նախագահի 16-17 տարեկան աղջիկներին ԱԱԾ հրավիրելը եւ հարցաքննելը, տեսակետներ է արտահայտում պետությանը վերաբերող ամենակարեւոր հարցերի մասին:
Լիլիթ Մակունցը չի էլ գիտակցում, որ վիրավորանքն այն է, որ կառավարությունը հրաժարվում է փոխհատուցում վճարել զոհված զինվորականների ընտանիքի անդամներին, ավելացնել ուսանողների կրթաթոշակը, բայց գաղտնի որոշումով վարչապետը նախարարների աշխատավարձը կրկնապատկում է, իհարկե, օրենքի խախտումով:
Լիլիթ Մակունցը այդպես էլ չի հասկանա, որ վիրավորանքը Հայաստանը քաղբանտարկյալներով լցնել է, Հայաստան 37-ի նամշահոտը վերադարձնելն է: Ոչ, նա այս ամենը երբեք չի գիտակցի, բայց մյուսները պետք է ջանք ու եռանդ չխնայեն այս մղձավանջն օր առաջ ավարտին հասցնելու համար:
Աննա Բաղդասարյան
Top-News.am