Ժողովուրդը պետք է իմանա, թե իր հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում. Գևորգ Պետրոսյան
Ժողովուրդը պետք է իմանա, թե իր վճարած հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձերը բարձրացնելու հարցին:
«Այն, ինչը պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը, որ պետք չէ՝ անում են: Նախաքննական մարմինը մեկին կանչում է, ամբողջ հայ ազգը իմանում է: Այսինքն, այն, ինչը գաղտնի է, գաղտնի չեն պահել: Իսկ ինչը հրապարակման ենթակա է, ասում են՝ գաղտնի է: Ես այստեղ գաղտնիություն չեմ տեսնում, հակառակը՝ ժողովուրդը պետք է իմանա, թե իր աշխատավարձի հաշվին, իր հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը չի կարող միանձնյա որոշում կայացնելով պետական պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնել: Ըստ օրենքի՝ աշխատավարձը փոփոխելու իրավունքը վերապահված է բացառապես Ազգային ժողովին:
«Գուցե խրախուսում է եղել: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ անձամբ վարչապետը կամ իր մամուլի խոսնակը հստակ գնահատական տան՝ դա ճիշտ է, թե ոչ»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ դեռևս չի հերքվել տեղեկությունը, Գևորգ Պետրոսյանը նշեց. «Չհերքելը այլ բան է, բայց հաստատելը մեկ այլ բան է»:
Հիշեցնենք, որ hetq.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։