Գաղտնի եւ թաքուն որոշումներ եւ քաղբանտարկյալներ
Մի պահ պատկերացրեք, թե ինչ ելույթներ կունենար, ինչ հոդվածներ կգրեր Նիկոլ Փաշինյանը, եթե հայտնի դառնար, որ Սերժ Սարգսյանը գաղտնի կարգադրությամբ կրկնակի բարձրացրել է նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձը՝ կոպտորեն խախտելով օրենքը:
Պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը, եթե հանկարծ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը թերթերից մեկի հարցմանն ի պատասխան ահա այսպիսի պատասխան հրապարակեր.
«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։
Սա ծաղր է: Ընդ որում եւ որոշումը, եւ պատասխանը: Ծաղրում են մի ամբողջ երկիր, մի ամբողջ ժողովուրդ: Ծաղրում են բացահայտ, ծաղրում են անթաքույց ցինիկությամբ: Եւ այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ:
Եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք աճում է քաղհալածյալների եւ քաղհետապնդյալների թիվը: Աճում ու աճում են: Արսեն Բաբայանը դարձավ հինգերորդ քաղբանտարկյալը: Ունենք եւ բազմաթիվ քաղհալածյալներ:
Արդեն հասել ենք մի կետի, երբ քաղհետապնդյալի հայրն ու դուստրերը եւս հետապնդվում են, ենթարկվում հոգեբանական ճնշումների: Սա է «հետհեղափոխական» Հայաստանը: Իսկ հետաքրքիր է հեղափոխականները դեռ «հպարտ» են, դեռ «դուխով» են, թե՞ ...
Վարդան Մխիթարյան
Top-News.am