Դոնալդ Թրամփի վրա նախագահությունը 2-5 միլիարդ դոլար է նստել
Դոնալդ Թրամփի վրա նախագահությունը 2-5 միլիարդ դոլար է նստել։ Նրա խոսքերով, հենց այդքան ինքը կարող էր աշխատել, եթե քաղաքականության փոխարեն շարունակեր բիզնեսով զբաղվել, հայտնում է Reuters-ը։
Ընդ որում, Թրամփը նշել է, որ եթե ստիպված լիներ դա նորից անել, ապա ճիշտ նույն կերպ կվարվեր։
Թրամփը դժգոհություն է հայտնել նրանից, որ ինքը ստիպված է եղել չեղարկել հունիսին Մայամիում գտնվող իր Trump National Doral գոլֆ-ակումբում G7-ի գագաթաժողով կազմակերպելու որոշումը։
Այդ մտադրությունը կտրուկ քննադատության էր արժանացել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, որոնք հայտարարել էին, թե տպավորությունն այնպիսին է, որ նա փորձում է շահույթ ստանալ իր պաշտոնի միջոցով։
Թրամփը չեղյալ է համարել այն, ինչն անվանել է «վարձատրության մասին կեղծ դրույթ»՝ կետ ԱՄՆ սահմանադրությունում, որն արգելում է նախագահին եւ օրենսդիրներին շահույթ ստանալ իրենց պաշտոններից։
«Կորցրել եմ ես արդյոք 2 միլիարդ, 5 միլիարդ դոլար կամ ավելի քիչ՝ դա նշանակություն չունի։ Ինձ համար միեւնույնն է»,- ասել է Թրամփը՝ հավելելով․ «Ես դա երկրի համար եմ անում։ Ես դա մարդկանց համար եմ անում»։
ԱՄՆ նախագահն ասել է, թե ուզում էր G7-ի գագաթաժողովը ամերիկյան հարկատուների համար անվճար անցկացնել, սակայն այժմ այլ վայր պետք է փնտրի։ «Չեմ կարծում, որ դա այդքան գրավիչ կամ այդքան լավ կլինի»,- նշել է նա։