Իջեւանում վերականգնվում են խորհրդային կարգերը
Ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկը Հայաստանում հայտնվում է պատմության գիրկը՝ բնակավայրերը, հատկապես գյուղերը զրկվում են տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալու իրավունքից:
Համայնքների խոշորացման անվան տակ վերականգնվում է խորհրդային շրջանի վարչա-տարածքային կառուցվածքը եւ կառավարման ձեւը: Այսպես, շուտով Իջեւանի նախկին շրջանի բոլոր գյուղերը եւ քաղաքները միավորվելու են մեկ համայնքի ներքո: Համայնքն անվանվելու է Իջեւան, բնականաբար, համայնքի կենտրոնը լինելու է Իջեւանը, իսկ մյուս մոտ երեք տասնյակ մեծ ու փոքր գյուղերը կորցնելու են ինքնուրույնությունը:
Մեծ հաշվով սա ժողովրդավարության պարտությունն է: Ի դեպ, գյուղերն ավելի ցածր կարգավիճակ են ունենալու քան անգամ խորհրդային տարիներին: Գյուղը ղեկավար, որպես այդպիսին՝ չի ունենալու:
Երեւանից եկած պաշտոնյան, որը հանդիպել է գյուղապետերի հետ եւ ներկայացրել գյուղերի միավորման ծրագիրը, առանց անհարմար զգալու հայտարարել է, թե գյուղերի միավորումից հետո արդեն բնակիչները կունենան իրենց ներկայացուցիչները կառավարման համակարգում, ինչից գյուղապետերը սրտնեղել են եւ հայտարարել, թե ինչպես իրենք, այնպես էլ գյուղացիները դեմ են միավորմանը, ինչին իչ պատասխան կառավարության ներկայացուցիչն ասել է, թե անգամ հանրաքվե անցկացնելու դեպքում, եթե պարզվի, որ բնակչությունը դեմ է այս ծրագրին, միեւնույնն է միավորումը կայանալու է:
Արդեն նաեւ պարզ է, որ կառավարությունն ամեն ինչ է անում է, որ ընտրություններում հսկա համայնքի ղեկավար «ընտրվի» Նիկոլ Փաշինյանի ընկեր, այժմ Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, որի եղբայրն էլ՝ Վահե Ղալումյանն ԱԺ պատգամավոր է:
Իջեւանում շրջանառվող լուրերի համաձայն, բացատրական աշխատանքներ են տարվում նրանց հետ, ովքեր հավակնություն են ներկայացնում գլխավորել քաղաքը, որի արդյունքում հավակնորդները հասկանում են, որ եթե այնուամենայնիվ առաջադրվեն համայնքապետի թեկնածու, ապա ԱԱԾ կհրավիրվեն նաեւ իրենց զավակներն ու ծնողները, ինչպես նաեւ կուսումնասիրվի իրենց հայրական տան տանիքը:
Հայկ Ղալումյանն ունենալու է միայն ֆեյք եւ կառավարելի մրցակիցներ: Ահա սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերացումը ժողովրդավարության մասին:
Բացատրական աշխատանք է տարվել նաեւ վերջերս հրաժարական տված քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ: Ասում են նաեւ, որ Հայկ Ղալումյանի ընտրվելուց հետո նրա առաջին քայլը լինելու է Նիկոլ Փաշինյանի մեծադիր արձանի տեղադրումը քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am