Սովետը մեր մեջ կամ Կարգին Հայկոյի հերթական ձախողումը
Կրկին նշեցինք Երեւանի տոնը՝ Էրեբունի-Երեւանը: Մեր մայրաքաղաքը դարձավ 2801 տարեկան: Հասուն տարիք, բայց հասո՞ւն ենք արդյոք մենք: Դատելով նրանից, թե ինչպես ենք տոնում մեր գլխավոր քաղաքի տոնը, կարող ենք ասել՝ ոչ:
Մեր միջից սովետը դուրս չի եկել: Այսօրվա Երեւանի կառավարիչների միջից սովետը դեռ դուրս չի եկել: Եւ այսքանից հետո տարօրինակ չէ, որ տոնը վերածվում է գավառական քաղաքի միջակ կարգի մի միջոցառման:
Կրկին հրահանգ դպրոցներին, կրկին հրահանգ աշակերտներին այս ժամին լինել այս տեղում, հակառակ դեպքում սպառնալով այս կամ այն պատժամիջոցով: Կրկին գավառական անճաշակ առեւտրի կրպակներ:
Բնականաբար, այս ամենը չէր կարող ամբողջական լինել, եթե չլիներ էլիտայի՝ կուսակցության առաջնորդների եւ նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպված համերգը եւ ստանդարտ հրավառությունը: Պարզ է, որ այս իրավիճակում տոնի զգացողություն երեւանցիների մոտ չէր կարող լինել:
Տխուր է այս ամենը, ճնշող եւ հետադիմական: Կարգին Հայկոն չկարողացավ քաղաքը բարձրացնել որակապես նոր աստիճանի: Չկարողացավ, քանի որ չէր կարող: Այն թիմը, որը նրան բերել է իշխանության ոչնչով չի տարբերվում սովետական տարիների կոմսոմոլներից:
Այստեղ հիշենք ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինին, որը մի անգամ ասաց՝ ինչքան ուզում ենք ուրիշ բան սարքենք, վերջում ԽՄԿԿ է ստացվում:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am