Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստավայրում անցկացնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստավայրում՝ «Trump National Doral Mimai»-ում, անցկացնելու գաղափարից, գրում է ТАСС-ը:
«ԶԼՄ-ների և դեմոկրատների ցուցաբերած ոչ ռացիոնալ «թշնամական» վերաբերմունքի պատճառով մենք այլևս Trump National Doral Miami-ն չենք դիտարկում որպես գագաթնաժողովի անցկացման վայր: Մենք սկսել ենք գագաթնաժողովի անցկացման համար այլ տարբերակներ քննարկել: Հնարավոր է՝ այն անցկացվի Քեմփ Դեվիդում:
Ես կարծում էի՝ որպես գագաթնաժողովի անցկացման վայր Trump National Doral Miami-ն առաջարկելով՝ երկրիս համար լավ գործ եմ անում: Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ դրա դիմաց ոչինչ չստանալ: Եթե իրավական հարթության մեջ դա ընդունելի լիներ, ապա Միացյալ Նահանգները դրա վրա ոչ մի գումար չէր ծախսի: Սակայն, ինչպես միշտ «թշնամական» ԶԼՄ-ները և նրանց գործընկեր դեմոկրատները «խենթացել են»»,- գրել է Թրամփը Twitter-յան իր էջում:
Հունիսսի 10-ից 12-ը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը «Trump National Doral Miami»-ում անցկացնելու վերաբերյալ հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին:
Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են սկսել՝ կապված Թրամփի՝ ծառայողական դիրքը օգտագործելով պաշտոնական միջոցառումների հաշվին հարստանալու փորձերի ենթադրությունների հետ: