Համաշխարհային առաջնորդները Facebook-ի թվային արժույթի դեմ են հանդես եկել
Համաշխարհային առաջնորդները հանդես են եկել Facebook-ի թվային արժույթի դեմ՝ նախազգուշացնելով, որ այդ կրիպտոարժույթը ազգային ինքնիշխանության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում։
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն ասել է, որ ինքը «շատ թերահավատորեն է» վերաբերում Libra-ին։ «Ես այն բանի կողմնակից եմ, որպեսզի թույլ չտրվի նման գլոբալ արժույթի ստեղծումը, քանի որ դա ժողովրդավարական պետությունների պատասխանատվությունն է»,- ասել է նա։ Սակայն նա նաեւ խոստովանել է, որ անհրաժեշտ է բանկային բարեփոխումներ իրականացնել՝ տրանսազգային փոխանցումներն ավելի պարզեցնելու համար, հայտնում է DW-ը։
G20-ը նախազգուշացրել է, որ առանց պատշաճ նորմատիվ ակտերի՝ Facebook-ի թվային արժույթը կարող է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարթակ ստեղծել։
Եվրոպական պաշտոնյաները մտադիր են ամենախիստ սահմանափակումները կիրառել Facebook-ի կրիպտոարժույթի հանդեպ։ Նրանք հայտարարել են, որ ուզում են վետո դնել արժույթի վրա, որպեսզի «պաշտպանեն» ժողովրդավարական պետությունների ինքնավարությունը, եւ որ արժույթը նաեւ կարող է սպառնալ փոխարժեքային կուրսերի վերահսկմանը։ G7-ը եւ Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել են, որ լայնամասշտաբ թողարկման դեպքում թվային արժույթը կարող է սպառնալ համաշխարհային արժութային համակարգին եւ ֆինանսական կայունությանը։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ առաջիկայում Իտալիան, Գերմանիան եւ Ֆրանսիան քայլեր կձեռնարկեն, որպեսզի «հստակ ցույց տան, որ Libra-ն անցանկալի է Եվրոպայում»։
Նրա խոսքերով, Ֆրանսիան մասնավոր ընկերությանը թույլ չի տա «ունենալ այնպիսի փողային իշխանություն, ինչպիսին ունեն անկախ պետությունները»։
Իտալիայի ֆինանսների նախարար Ռոբերտո Գուալտյերին համաձայնել է դրա հետ՝ հայտարարելով, որ մասնավոր արժույթների արգելափակման հարցում երկրները «վճռական համաձայնության» են եկել։