Բաքվում հայտնել են չարտոնված հանրահավաքի մասնակիցների ձերբակալության մասին
Ադրբեջանի իշխանությունները հայտնել են Բաքվի կենտրոնում չարտոնված հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկելու մասին, սակայն նրանց թվաքանակի մասին ոչինչ չի նշվում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվի ոստիկանության ներկայացուցչին, կան ձերբակալվածներ, որոնց դեմ միջոցներ կձեռնարկվեն: Գործակալության աղբյուրի խոսքով՝ նրանք փորձել են խախտել հասարակական կարգը՝ սադրանքներ հրահրելու նպատակով:
Ավելի վաղ ադրբեջանական մայրաքաղաքի իշխանությունները «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր միավորմանը թույլատրել էին հանրահավաք անցկացնել, բայց ոչ թե Բաքվի կենտրոնում, այլ ուսումնամարզական ակումբի մարզադաշտում:
Ավելի վաղ որոշում էր կայացվել նաև ժամանակավորապես փակել մետրոյի երեք կենտրոնական կայարանները, որոնց աշխատանքն արդեն վերականգնվել է:
Հիշեցնենք, որ չնայած Բաքվի իշխանությունները մերժել էին հանրահավաք անցկացնելու դիմումը՝ այնուամենայնիվ, ակցիայի կազմակերպիչները սոցիալական ցանցերում տեղեկատվություն էին տարածել, որ հոկտեմբերի 19-ին ակցիան տեղի կունենա: