Անհասկանալի ծախսեր են արվում, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ելույթների ընթացքում անընդհատ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն պետք է ավելանա, և այժմ այդ խոստումը, կարծես, մոռացվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն` անդրադառնալով 2020 թ․-ի պետական բյուջեի նախագծի` ռազմական պաշտպանության ծախսերի` 0.8%-ով ավելացմանը:
«Մենք հիշում ենք, որ նախկինում ընդդիմությունն անընդհատ խոստանում էր, որ եթե դառնա իշխանություն, շատ արագ կգտնվի գումար, որով նոր զենքեր կառնվեն, ռազմական բյուջեն կաճի, և այլն: Այժմ այդ բոլոր խոսակցությունները, կարծես թե, մոռացվեցին, և լրիվ այլ թվեր են նշվում: Ինչ-որ անհասկանալի ծախսեր են արվում պետբյուջեից, օրինակ` վարչապետի ինչ-որ թևավոր խոսքերը բիլբորդների վրա տպելը, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում: Սկզբից եթե ասվում էր ռազմական ծախսերի ավելացման մասին, նշվում էր, որ սպառազինությունը պետք է թարմացվի, շտապ նոր գնումների անհրաժեշտություն կա, բայց այժմ չի արվում, հարց է առաջանում` ինչո՞ւ»,-ասաց Վրթանեսյանը:
Վերջինիս կարծիքով` հաշվի առնելով, որ Ադրբեջանը 2020 թ.-ի բյուջեի նախագծով պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերն ավելացրել է մոտ 20 %-ով, իսկ Հայաստանում ավելացումը չնչին է, կարող է բերել դիսբալանսի ու խնդիր առաջացնել:
Կարեն Վրթանեսյանն ընդգծեց նաև, որ, ամեն դեպքում, Ադրբեջանն ունի շատ ռեսուրսներ, և նրա հետ ֆինանսական մրցակցության մեջ մտնելը սխալ է:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում ընդունվել է 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանում են հաջորդ տարվա հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են 0,8%-ով` ներկա 300,5 մլրդ դրամից 303 մլրդ դրամի հասնելով: