«Քանի՞ սիրիացի փախստականի եք ընդունել դուք». Էրդողանը՝ Արաբական պետությունների լիգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը հաջողությամբ է ընթանում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:
Էրդողանի խոսքով՝ անգամ մինչ սիրիական ճգնաժամի սկսվելն «Անկարան բազմիցս զգուշացրել է Բաշար ալ Ասադի ռեժիմին վերանայել իրենց քաղաքականությունը և չճնշել բնակչությանը»:
«Ցավոք, մեր դիրքորոշումն ուշադրության չարժանացավ: Սիրիայում հակամարտության տարիներին 12 միլիոն մարդ է լքել իր տունը: Նրանցից կեսը լքել է Սիրիան: Սիրիացի 6 միլիոն փախստականներից 3,65 միլիոնը գտնվում են Թուրքիայում»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի կարծիքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հստակ ծրագիր է, որը ֆինանսավորվում է կոնկրետ պետությունների կողմից:
«Հիմա այդ նույն պետությունները ցույց են տալիս, թե իրենք այդ կազմակերպության ամենամոլի թշնամիներից են: Թուրքիային շատ լավ հայտնի է տարածաշրջանում յուրաքանչյուր երկրի դերի մասին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է Արաբական պետությունների լիգային կողմնապահ դիրքորոշման համար: Նա դիմել է լիգայի անդամ երկրներին՝ ասելով. «Քանի՞ սիրիացի փախստականի եք դուք ընդունել: Սկզբից դուք դուրս եք հանում Սիրիային Արաբական պետությունների լիգայից, իսկ հետո, փորձելով վիրավորել Թուրքիային, նորից ետ եք ընդունում լիգայի շարքերը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: