Ոստիկան սպանելու ժամանակները
Հայ հանրությունը ցնցված է կեսգիշերին Երեւանում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում հանցագործները սպանել են մի ոստիկանի, իսկ մյուսին դաժան ծեծի ենթարկել: «Դուխով» եւ «հպարտ» քաղաքացիները միմյանց դանակահարելուց, միմյանց վրա կրակելուց, ավտոճանապարհներին վայրենավարի խախտումներ անելուց հետո պետք է անցնեին ոստիկաններին:
Ամենաթողությունը, անպատժելիության մթնոլորտը հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվում: Տականքը մի հատկանիշ ունի, նրանք շատ արագ զգում են ժամանակի հոտը եւ իշխանությունների իրական ուժը: Հիմա նրանք հասկացան, որ արդեն կարող են սպանել մի ոստիկանի:
Իսկապես, ինչու չսպանել, երբ երկրի ղեկավարը հանդիպում է մեկին, որը ոստիկանին համարում է «ենիչերի»: Ոչինչ պատահական չի լինում: Ամեն ինչ օրինաչափ է: Ցանկացած գործողություն, քայլ ունենում է իր տրամաբանական շարունակությունը:
Ինչու չսպանել, երբ վարչապետը հայտարարում է դատարանները շրջափակելու մասին, որի ընթացքում քաշքշում եւ վայր են գցում դատավորին եւ սկսում հրհռալ: Ահա այսպիսի տխուր պատմություն:
Երբ հայտարարում ես, թե կառավարության շենքի դուռը ժողովրդինն է, եւ որ նրանք կարող են քացիներով խփել, ապա հետոն ավելի տխուր եւ դաժան է լինում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am