Երևանի պոլիկլինիկաներից 55 բժիշկ ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում 55 բժշկի հետ կապված խնդիր է առաջացել և նրանց ազատվել են աշխատանքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը` անդրադառնալով ահազանգին, որ թիվ 19 պոլիկլինիկայում մանկաբույժներ են ազատվել աշխատանքից:
«Այսօր ոչ միայն թիվ 19 պոլիկլինիկայում է առկա այդ խնդիրը, այն առկա է, երևի թե, ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես այն պոլիկլինիկաներում, որտեղ երեխաներ են սպասարկվում»,-ասաց նա:
Կամսար Բաբինյանը պարզաբանեց, որ 2014 թվականին կառավարության 992 որոշմամբ հաստատվել է մանկաբույժ նեղ մասնագետների ցանկ, որտեղ հստակ գրված է, որ այդ մասնագետները պետք է ունենան համապատասխան վերամասնագիտացում` հետբուհական մասնագիտացում:
«Քաղաքապետարանից Առողջապահության նախարարություն համապատասխան գրություն է ուղարկվել, որտեղ մեր մտահոգությունն ենք հայտնել, քանի որ ժամանակին նեղ մասնագետների մանկական ցանկ հաստատված չի եղել»,-ասաց նա և նշեց, որ այդ գրությանը նրանք պատասխանել են` խնդրում ենք առաջնորդվել 2014 թվականի սեպտեմբերի 4-ի 992 որոշմամբ։
«Ինձ ասացին, որ նախարարությունից ասել են, որ դա ժամանակավոր է, բայց կառավարության որոշումը իմ առաջ դրված է և ոչ մի «ժամանակավոր» բառ գրված չէ, թե մարդուն պետք է ժամանակավոր իր աշխատանքից հեռացնեն, անցնի օրդինատուրա ու հետ գա աշխատի: Սա շատ լուրջ խնդիր է, որի առաջ կանգնած ենք»,- ասաց նա:
Կամսար Բաբինյանը նշեց, թե ստացվում է, որ Երևանում 55 բժիշկ չի կարող աշխատել: «Իրենք կամ պետք է գնան վերամասնագիտացում անցնեն և դառնան մանկական տրավմատոլոգ, ինֆեկցիոն բժիշկ, որպեսզի կարողանան աշխատել»,- ասաց նա և նշեց, որ այդ մասնագիտացումն ստանալու համար 2-3 տարի է պահանջվում:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը նշեց, որ վաղը քաղաքապետարանում այս խնդրին նվիրված ժողով է լինելու, որպեսզի հասկանան, թե հետագայում ինչպես կարող են հարցին լուծում տալ:
Ինչ վերաբերում է մնացած հարցերին, թե ինչպես, ում հաշվին պետք է բժիշկները նեղ մասնագիտացում ստանան, Կամսար Բաբինյանը նշեց, որ բոլոր այդ հարցերով պետք է Առողջապահության նախարարությանը դիմել:
«Իրենց կողմից է խիստ դրված, որ հսկում են, թող իրենք էլ մնացած հարցերի պատասխանը տան, միջանկյալ լուծում պետք է տրվեր այս հարցին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կոնկրետ թիվ 19 պոլիկլինիկայից երկու բժիշկ է ազատվել, իսկ կան պոլիկլինիկաներ, որտեղ 4-5 բժիշկ է ազատվել աշխատանքից: